ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի քառորդ մասը սպառողական վարկերն են
EconomicsՀՀ բանկերի կողմից 2017 թվականի մարտին ռեզիդենտներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 2 տրլն 199 մլրդ 184 մլն դրամի վարկեր, որից 1 տրլն 372 մլրդ 387 մլն-ն արտարժույթով, իսկ 826 մլրդ 797 մլն-ը` ՀՀ դրամով: Նախորդ տարվա մարտին դրանց ընդհանուր ծավալը կազմում էր 2 տրլն 82 մլրդ 449 մլն դրամ, որից 1 տրլն 369 մլրդ 422 մլն-ը եղել են արժույթային, իսկ 713 մլրդ 27 մլն-ը` դրամային վարկեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մեկ տարվա ընթացքում վարկերի ընդհանուր ծավալն ավելացել է 116 մլրդ 735 մլն դրամով: Այդ թվում 2 մլրդ 965 մլն դրամով ավելացել են արժույթային և 113 մլրդ 770 մլն-ով դրամային վարկերի ծավալները: 2015 թվականին մարտին ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմում էր 2 տրլն 34 մլրդ 50 մլն դրամ, 2014-ի մարտին` 1 տրլն 811 մլրդ 420 մլն:
2017 թվականին մարտին ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում զգալի կշիռ ունեն սպառողական վարկերը, որոնց ծավալը կազմել է 451 մլրդ 178 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 21 մլրդ 956 մլն դրամով:
Այս տարվա մարտին համեմատաբար մեծ ծավալ են կազմել առևտրի ճյուղի վարկավորումը: Առևտրի ոլորտում վարկավորման ծավալը մարտին կազմել է 343 մլրդ 929 մլն դրամ, սակայն այն նախորդ տարվա մարտի համեմատ 29 մլրդ 29 մլն դրամով նվազել է:
194 մլրդ 731 մլն դրամով վարկավորվել է Հայաստանի էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղը, նախորդ տարվա համեմատ ավելանալով 63 մլրդ 256 մլն դրամով:
Հիփոթեքային վարկերի ծավալն այս տարվա մարտին կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ, ինչը նախորդ տարվա մարտի 177 մլրդ 335 մլն դրամ ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 60 մլն-ով:
Մշակող արդյունաբերության ճյուղը վարկավորվել է 181 մլրդ 12 մլն դրամով: Այն նախորդ տարվա համեմատ ավելացել է 11 մլրդ 874 մլն դրամով:
Միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացքում 6 մլրդ 311 մլն դրամով նվազել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղի վարկավորման ծավալը: Այս տարվա մարտին այն կազմել է 143 մլրդ 903 մլն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 150 մլրդ 214 մլն դրամ: