Երևանում տեղի ունեցավ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան. լուսանկարներ
CultureՀանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Արվեստասերները բեմում անսպասելի և օրիգինալ լուծումներ տեսան՝անվաչմուշկներ, հեծանիվներ:
«Շառլ Ազնավուրի երգերը ժամանակ և տարածություն չեն ճանաչում: Մեր հայրենակցի ծննդյան կապակցությամբ որոշեցինք այս ներկայացմամբ նվեր մատուցել նրան և հարստացնել մեր խաղացանկը»,- նշեց բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ շատ է կարևորում Ազնավուրի ներկայությունը: «Երբ կանգնում ես մի մարդու կողքին, ով մի ամբողջ կյանք է ապրել ու գլուխգործոցներ ստեղծել, հուզվում ես, քանի որ կանգնում ես պատմության կողքին»,-ընդգծեց Օրբելյանը:
Մեկ գործողությամբ բալետային ներկայացման դերերում հանդես եկան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը:
Մինչ բալետային ներկայացման սկիզբը լրագրողները զրուցեցին ներկայացման մենակատար Գարեգին Բաբելյանի հետ, ով ասաց որ մեծ պատասխանատվության զգացում ունի ու որոշ չափով հուզվում է:
«Երկար, տաժանակիր, սակայն հետաքրքիր աշխատանք ենք կատարել: Շառլ Ազնավուրի երգերը մեծ բավականություն են պատճառում ինձ, իսկ բալետը դրանք ավելի գրավիչ է դարձնում: Հուսամ, որ շանսոնյեն կհավանի ներկայացումը»,-եզրափակեց Բաբելյանը:
Երիտասարդ մենապարողի ելույթները բուռն ծափահարություններով ու ոգևորությամբ էին ընդունվում:
Բալետային ներկայացմանը ներկա էր Շառլ Ազնավուրը, որին երաժշտասերները հոտնկայս դիմավորեցին:
«Լա բոհեմը» ժամանակակից բալետի լեզվով ներկայացնում է լեգենդար շանսոնյեի էությունը, ով կյանքի և սիրո ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է բախվում, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում:
Բալետային ներկայացումն իրկանություն դարձավ ՀՀ մշակույթի նախարարության, «Բալետ 2021» հիմնադրամի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ: