Արժեքների վրա հիմնված նոր կրթական ձեւաչափ. «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը տարածվում է դեպի Հայաստանի մարզերը եւ Արցախ
Society«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը տարածվում է դեպի Հայաստանի մարզերը եւ Արցախ: Դպրոցները, ուսուցիչներն ու աշակերտներն այսուհետ ջանքերն ուղղելու են դեպի կրթական նոր որակ, դեպի միջազգային չափանիշներին համապատասխանող ուսում:
Կրթության գերազանցության ազգային ծրագրի գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ազդարարվեց «Արարատյան բակալավրիատ»-ի ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը:
Տ. Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ դեռեւս 2014 թվականի աշնանն են սկսել ծրագրի նախապատրաստական աշխատանքները, այն է՝ կրթական ծրագրի կամ հարթակի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին, ուսուցիչների վերապատրաստման եւ զարգացման ծրագրի մշակում եւ միջազգային քննություններ:
«Ըստ էության, բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են եւ պատրաստ ենք ներդնել այն բոլոր դպրոցներում: Կրթական ծրագիրն ունի մի քանի կարեւոր առանձնահատկություններ՝ առաջինն արժեքային համակարգն է, որն արտացոլված է այս ծրագրում: Առանց արժեքների հնարավոր չէ կրթություն պատկերացնել:
Այն, թե ինչպիսի մարդ ես ձեւավորում, ինչ արժեքներով զինում, դաստիարակում, ամենակարեւոր խնդիրն է. չէ որ նրանք են մեր ապագան կերտողները: Իհարկե, ծրագրերը պետք է մրցունակ լինեն, այսինքն՝ համապատասխան միջազգային ամենաբարձր ստանդարտներին:
Մենք էլ անընդմեջ շարունակելու ենք մեր գործընկերների հետ աշխատել, որպեսզի վստահ լինենք, որ այդ չափանիշներին համապատասխանում ենք: Ուզում եմ ասել, որ հայրենասիրությունը միայն այն չէ, որ ժողովրդին քո պատմության, մշակույթի հետ կապենք, այլեւ այն, որ մրցունակ կրթական ծրագիր ունենանք՝ հիմնված ազգային արժեքների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ նշեց, որ Հայաստանում նմանատիպ գերազանցության կենտրոնների հիմնումը նպատակ ունի փոխանցել որակը ողջ կրթական համակարգին: «Արարատյան բակալավրիատի ձեռք բերած որոշակի արդյունքներն, ըստ էության, այս ծրագրով փոխանցվում են ընդհանուր հանրակրթական համակարգին: Այս ծրագիրն արդեն առիթ էր հասկանալու, որ հանրակրթության մեջ մենք ունենք որոշակի կայուն որակ, որը զարգացնելու պարագայում կարող ենք ունենալ միջազգային կարգի արդյունքներ: Այն քեմբրիջյան համակարգի ճանաչումը ստացած ծրագիր է: Ունեցած որակը պետք է պահենք եւ գրանցված արդյունքներն ուղարկենք գյուղեր եւ մարզեր»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
ՀՀ կառավարությունն իր դեկտեմբերի 15-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը հանրակրթական ուսումնական պետական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար: ԱԲ-ին դպրոցների միանալու գործընթացը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, երբ ծրագրի թիմը երեք ամսում հանդիպեց մարզերի և Արցախի շուրջ 450 դպրոցի հետ՝ ներկայացնելու ծրագիրն ու դրան միանալու պայմանները: Արդյունքում 20 դպրոց մարզերից և մեկ դպրոց Ստեփանակերտից ընտրվեցին որպե! ս ԱԲ ծրագրով առաջին թեկնածու դպրոցներ:
Զուգահեռ մեկնարկեց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում ուսուցիչների ներգրավման փուլը ինչպես թեկնածու, այնպես էլ այլ դպրոցներից: Ուսուցիչների առարկայական թեստավորումների արդյունքները խոստումնալից են և հիմք են ստեղծում ծրագրի արդյունավետ տարածման համար:
ԱԲ ծրագրով այսուհետ հայ աշակերտները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալու մրցունակ հայալեզու կրթություն ՀՀ մարզերում և Արցախում: