Հունիսը շատ շոգ չի լինի, ամենաշոգ օրը կլինի հունիսի 1-ին. Գագիկ Սուրենյան
SocietyՀունիսին եւ օդի ջերմաստիճանը, եւ տեղումները նորմայի սահմանում կլինեն: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ Արարատի, Արմավիրի մարզերի, Արագածոտնի եւ Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին չի բացառվում, որ ջերմաստիճանը իջնի +7-+12, իսկ արեւադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում` ցերեկային ժամերին ջերմաստիճանը բարձրանա +33-+36 աստիճան:
«Շիրակի, Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչեւ +3-+5, իսկ առանձին օրերին էլ, հատկապես ամսվա երկրորդ տասնօրյակում` +24-+28-ի: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը ամսվա առաջին տասնօրյակում գիշերը կանխատեսվում է +3-+6, իսկ ամսվա երկրորդ կեսին` ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +25-+30-ի»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ Տավուշի մարզում նվազագույն ջերմաստիճանը ամսվա առաջին կեսին, գիշերը կիջնի մինչեւ +5-+8, իսկ առանձին դեպքերում` ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի+28-+34 աստիճանի: Սյունիքի մարզում հովտային շրջաններում ջերմաստիճանը առանձին դեպքերում գիշերը կիջնի մինչեւ +10-+15,իսկ արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33-+37 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել եւ հասնել մինչեւ +7-+10 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում` ջերմաստիճանը կհասնի +34-+36 աստիճանի:
Գագիկ Սուրենյանի խոսքով, հունիսի ամենաշոգ օրը սպասվում է հունիսի 1-ին, օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 32 աստիճան, սակայն, հուլիսի 2-ին օդի ջերմաստիճանը կնվազի: Նրա խոսքով, հունիսի 1-3-ը սեւծովյան ցիկլոնի ազդեցության ներքո կլինի: Օրվա առաջին կեսին կայուն արեւային եղանակ կլինի, երկրորդ կեսին` ամպրոպային ամպածություն կզարգանա: Արագածոտնի, Շիրակի մարզում մեծ է կարկտի հավանականությունը:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսին զգալիորեն ցերեկվա տեւողությունը կմեծանա` մայիսի նկատմամբ մոտ կես ժամով: Հունիսին անկանոն եղանակային պայմանները հիմնականում հանրապետության հյուսիսային շրջաններում են պահպանվում, օվա առաջին կեսին հիմնականում անձրեւ, ուժեղ քամի, կարկուտ է լինում: Մյուս շրջանները հունիսի երկրորդ տասնօրյակից հետո անցնում են կայուն եղանակային գոտու:
Նրա խոսքով, հունիսի ամենաբարձր ջերմաստիճանը 1998թ. է գրանցվել, երբ օդի միջին ջերմաստիճանը հասել է 39.4 աստիճանի: