Գեւորգ Կոստանյանը պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել
SocietyԱյսօր Ազգային ժողովում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը քննիչների ու դատախազների կենսաթոշակին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհիվ կան արտոնյալ, բարձր կենսաթոշակ ստացող դատախազներ ու քննիչներ:
«Ոչ մեկին այս օրենքով արտոնություն չի տրվում: Ավելին, արտոնություն չի տրվում քննիչներին դատախազների համեմատությամբ եւ դատախազներին քննիչների համեմատությամբ: Այս օրենքը վերաբերում է եւ՛ քննիչներին, եւ՛ դատախազներին: Եթե որեւէ մեկդ հիմա կարող եք ասել, թե այս օրենքը եղել ա կոնկրետ սուբյեկտին՝ քննչական կոմիտեի քննիչին կամ հատուկ քննչական ծառայության քննիչին, կամ հարկայինի քննիչին, կամ ԱԱԾ քննիչին, ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հայաստանի Հանրապետության հրապարակում: Չկա նման բան», -ԱԺ ամբիոնից հայտարարեց Կոստանյանը:
Ն. Փաշինյանի այն դիտարկմանը, թե Կոստանյանը գլխավոր դատախազ եղած պաշտոնում շատ լավ իմացել է, որ Աղվան Հովսեփյանի շնորհիվ Քննչական կոմիտեի քննիչներն ունեցել են առավելություն, Գեւորգ Կոստանյանը ասաց. «Իմ անձնական դրսեւորումները այնքան ակնառու են բոլոր տեսանկյուներից՝ սպորտից սկսած, վերջացրած ցանկացած այլ դրսեւորում, որ ես պատրաստ եմ դրանք ավելի ակնհայտ դարձնել Ձեզ համար եւս»: