Բորուսիայի տնօրենը մեկնաբանել է գլխավոր մարզչին հեռացնելու պատճառը
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն երկրպագուներին ուղղված բաց նամակում մեկնաբանել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պաշտոնանկությունը:
«Պայմանագրի խզումն անհասկանալի էր երկրպագուների համար, և դա գիտակցում ենք: Տուխելի գլխավորությամբ երկու հաջող տարի ենք անցկացրել, մարզական խնդիրները լուծվել են:
Հումելսի, Գյունդողանի և Մխիթարյանի կորուստը, նոր ֆուտբոլիստների հարմարվելը, վնասվածքների պատճառով առանցքային խաղացողների բացակայությունը. նույնիսկ այս խնդիրներից մեկը բավարար կլիներ: Սակայն դրա հետ մեկտեղ միշտ չէ, որ հնարավորություն ունեինք խոսելու մարզչական շտաբի հետ: Ցավոք սրտի, այլևս չէինք հավատում, որ այս մարզչական շտաբը հիմք կլինի հաջող ապագայի համար:
Արդյունքը միակ գործոնը չէ, որ նշանակություն ունի: Շատ կարևոր են նաև հարգանքը և վստահությունը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: