ՀՀ ՏԿԶ փոխնախարարը Սյունիքում քննարկել է վարչատարածքային բարեփոխումների գործընթացը
EconomicsՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մայիսի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ներկա էին ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ավագանու անդամները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բարեփոխումների գործընթացի շրջանակներում, նոյեմբերին վարչատարածքային փոփոխություններ են իրականացվելու Կապան, Քաջարան և Սիսիան համայնքներում: Կապանում միավորվելու է 32, Քաջարանում՝ 5, իսկ Սիսիանում 30 համայնք:
Վաչե Տերտերյանը համայնքի ղեկավարներին է ներկայացրել խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները: Խորհրդակցությանը ներկայացվել են նաև Սյունիքի արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Վաչե Տերտերյանը պատասխանել է համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հարցերին, լսել նրանց առաջարկությունները: