«Նոր անուններ» փառատոնը կնպաստի երաժիշտ-կատարողների առաջընթացին
Culture«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը Երևանում կանցկացվի հունիսի 2-5-ը: Փառատոնին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր ծայրերից` Ռուսաստանից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Պարսկաստանից: Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:
«Սա մեր լավագույն փառատոններից է, և այն տաղանդավոր երեխաներին հնարավորություն է տալիս ինքնարտահայտվել, նպաստում է նրանց առաջխաղացմանը»,- նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանի մանկավարժական դպրոցը շատ լավն է, և մասնագետները կարողանում են ճիշտ ընտրել այն երեխաներին, որոնք բարձր են պահում մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում:
«Մենք ներկայացնում ենք լավագույններին: Համերգների մասնակիցները կարողանում են ցույց տալ իրենց երաժշտական հնարավորությունները, կարողություններն ու տաղանդը»,-ասաց պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադիր-ղեկավար Սիլվա Մեքինյանը:
Մեքինյանը հավելեց, որ փառատոնը վերելք է ապրում, քանի որ ժամանակակից երիտասարդ սերունդը շատ ուժեղ է, գործունյա և հավատ ներշնչող: Իրենց գլխավոր նպատակը նրանց համար ճանապարհ հարթելն է:
«Անում ենք ամեն բան, որ օտարազգիները, այս փառատոնի շրջանակում գալով Հայաստան, սիրահարվեն մեր երկրին և վերադառնան իրենց հայրենիք՝ կրկին Հայաստան ժամանելու ակնկալիքով»,-եզրափակեց նա:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 3-ին և 4-ին նույն համերգասրահում հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները:
Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվեն մշակութային բազմազան ծրագրեր: Պատանիները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, ինչպես նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր:
Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: