ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել, որը չստանալով որոշել է վրեժխնդիր լինել. ՀՔԾ
SocietyԴատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն դատապարտյալ Ալեն Մ.-ից կաշառք է պահանջել եւ պաշտոնեական կեղծիք կատարել:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էդգար Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ում ծառայություն իրականացնելիս, 29.01.2017թ.-ին դատապարտյալ Ալեն Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու եւ հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն Ալեն Մ.-ն չի կատարել ՔԿՀ աշխատակցի անօրինական պահանջը եւ հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է ուղարկել ՔԿ հիմնարկից:
Պահանջած գումարը չստանալով եւ դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Էդգար Ա.-ն, նրանից վրեժխնդիր լինելու անձնական դրդումով, պաշտոնեական կեղծիք է կատարել. իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով փորձել է խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: