Կաշառք վերցնելը արժեքային ու բարոյական համակարգի հետ կապված խնդիր է. Գ.Կոստանյան
SocietyՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, ORER.am-ի հետ զրույցում խոսելով քննիչների, դատախազների եւ դատավորների կոռումպացված լինելու ու դրա պատճառների մասին, ասաց, որ, օրինակ, դատավորների կողմից կոռուպցիայի հիմքերն ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է, բայց այդ իրավիճակը միայն Հայաստանին չէ բնորոշ:
Գ.Կոստանյանի կարծիքով` աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի կոռուպցիայի ռիսկը, բայց այն իսպառ չի վերացնի: Առանձնահատուկ անդրադառնալով դատախազներին` Կոստանյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ դատախազությունում կոռուպցիա չի եղել. «Եթե կա եւ կլինի որեւէ մեկը, ով կասի՝ այս կամ այն դատախազը իմ պաշտոնավարման ժամկետում կաշառք է վերցրել, առավել եւս՝ վերեւներին է տվել, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել եւ քրեական գործ հարուցել»:
Նրա խոսքով` գլխավոր դատախազ աշխատելու տարիներին ինքն է բարձրաձայնել կոռուպցիոն դրսեւորումների մասին եւ առաջին անգամ 10-15 քննիչների, ինչպես նաեւ փաստաբանների դատի տվել. «Դրանք եղել են այն մարդիկ, ովքեր փող էին վերցրել մեղադրյալներից, պաշտպաններից՝ դատախազին փոխանցելու համար»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ հարուցված գործերից եւ ոչ մեկը չի կարճվել. «Դատապարտվել են բոլոր այն անձինք, ում վրա հարուցվել էր քրեական գործ: Ես նման հարցերում շատ հետեւողական եմ»:
Ինչ վերաբերում է նրա պաշտոնավարումից հետո նման դեպքերին՝ կաշառք վերցնողների, միջնորդների ձերբակալությունների դեպքերի չգրանցմանն, ապա ՀՀ նախկին գլխավոր դատախազն ընդգծեց, որ այդ հարցով ինքն այժմ չի զբաղվում, հետեւաբար պատկան մարմիններն իրենք պետք է հետեւողական լինեն օրենքի տառ պահելու գործում:
Կաշառքն արմատախիլ անելու համար, որպես լավագույն տարբերակ, Գ.Կոստանյանը տեսնում է մի քանի ուղղություններ, դրանցից են՝ սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ կադրեր ունենալը. «Գրագետ քննիչը, դատախազն ու դատավորը թույլ չեն տա իրենց այնպիսի խախտում, որը կխոսի ակնհայտ անգրագիտության մասին: Նախ ինչ անում է՝ գրագետ կանի, իսկ գրագետ անելու դեպքում մարդ չի կարող շեղվել օրենքից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրավաբաններն ունեն մասնագիտական նախանձախնդրություն, եւ հենց դա է պատճառը, որ այսօրվա մեր իրավական ոլորտի զգալի մեծամասնությունը գրագետ է:
Ինչ վերաբերում է կաշառք վերցնողներին, ապա, ըստ Կոստանյանի, դա արժեքային ու բարոյական համակարգի հետ կապված խնդիր է: