Չինաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնին Հայաստանը ներկայացված է 3 ֆիլմով
CultureՉինաստանի Սիան քաղաքում մեկնարկել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որին 26 երկրից շուրջ 80 ֆիլմ է ներկայացված: Ինչպե տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կինոմշակույթը ներկայացված է 3 լիամետրաժ կինոնկարներով' Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության», Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ժապավեններով: Կինոփառատոնին մասնակցելու համար Սիան են ժամանել անվանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և ճանաչված դերասան Վարդան Մկրտչյանը:
Հոկտեմբերի 24-ին հանրահայտ «Wanda» կինոթատրոնում Հայաստանի և Չինաստանի դրոշների, ՀՀ օրհներգի և հայկական երաժշտության հնչյունների ներքո տեղի է ունեցել հայկական ֆիլմերի շնորհանդեսը, որին մասնակցում էր Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել Չինաստանի լրատվության, տպագրության, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական ադմինիստրացիայի նախագահի տեղակալ Լուան Գուոճին:
Ելույթով հանդես է եկել նաև դեսպան Սարգսյանը, ով, ողջունելով «Մետաքսի ճանապարհ» կինոփառատոնի անցկացման նախաձեռնությունը, նշել է, որ այն լավ հնարավորություն է տալիս կինոարվեստի միջոցով չինացի հանդիսատեսին ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը, կենցաղն ու իրականությունը:
Հայկական ֆիլմերի շնորհանդեսը մեկնարկել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմով, որը ջերմ ընդունելության է արժանացել:
Կինոփառատոնի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Լուան Գուոճիի հետ, ում հետ քննարկել է կինոարվեստի բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: Դեսպանը նաև հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ ներկայացնելով հայկական կինոարվեստը և պատասխանելով տարաբնույթ հարցերի:
Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը կայանալու են հոկտեմբերի 25-ին: