Հայաստանը ներկայացնող թիմը հաղթանակով մեկնարկեց դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» մրցաշարում
SportՀայաստանը ներկայացնող թիմը հաղթանակով մեկնարկեց «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ մեկնարկեց դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 97 թիմ. 80 թիմ Ռուսաստանից և մեկական թիմ Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լատվիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից: 2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային (մինչ այդ ստուգատեսին մասնակցում էին միայն ռուսաստանյան թիմեր): Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթող թիմը՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:
Կայացած մրցաշարի առաջին տուրում մեր դպրոցականները 2.5-1.5 հաշվով առավելության հասան Սևաստոպոլի թիմի նկատմամբ: Թիմի կազմում հաղթանակներ են տոնել Սամվել Խաչատրյանը և Մանե Հովհաննիսյանը, Գեորգի Նանյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Դավիթ Դավթյանը պարտություն է կրել: