«Ծխելու արգելքը հակառակ էֆեկտ է տալու». հոգեբան
SocietyԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հոգեբան Ռուբեն Պողոսյանն անդրադարձավ հասարակական վայրերում ծխելն արգելելու եւ ծխախոտի գինը բարձրացնելու նախաձեռնությանը: Մասնագետը կարծում է, որ ոչ թե պետք է արգելքներ դնել, այլ այնպիսի մշակույթ բերել, որ ծխողը հարցնի չծխողին՝ կարելի՞ է այստեղ ծխել, թե՞ ոչ:
«Արգելքի հոգեբանությունը հակառակ ազդեցությունն է թողնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ծխախոտի գնի բարձրացումը չի նպաստի, որ մարդիկ թողնեն ծխելը: «Այդ միջոցառումները, այս կարգի արգելափակումներն այդ ազդեցությունը չեն թողնի, որովհետեւ ավելի կքաղցրանա արգելված երեւույթը: Եթե մենք ավելի բարձրացնում ենք ծխախոտի գինը, ապա ավելի է այն քաղցրանում, այսինքն՝ արժեք ենք դնում դրա մեջ»,-ասաց նա:
Հոգեբանը համոզմունք հայտնեց, որ ցանկության դեպքում միանշանակ հնարավոր է թողնել ծխելը. «Պարզապես պետք է մտքին դնել, ինչպես արել եմ ես: Արգելքի դեպքում մարդը գաղտագողի է ծխելու եւ հնարավոր է՝ ավելի շատ ծխի»,-ասաց նա: