Վլադիմիր Կլիչկո. Որքան էլ անհեթեթ թվա, սակայն ռինգից հեռացա որպես հաղթող
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հերթական անգամ խոսել է բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտում պարտվելու մասին:
Հիշեցնենք, որ այդ մենամարտում վիճարկվում էին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու WBA Super ու IBO թափուր գոտիները:
«Ապրիլի վերջում կյանքիս մենամարտն էի անցկացնում Էնթոնի Ջոշուայի դեմ` 90 հազար երկրպագուների աչքի առաջ: Դուրս եկա այդ մենամարտին լավագույններից լավագույնին հաղթելու համար: Ցավոք, չկարողացա հասնել նպատակին: Սակայն, որքան էլ անհեթեթ թվա, սակայն ռինգից հեռացա որպես հաղթող:
Մենամարտից առաջ վստահ էի հաղթանակիս: Զգում էի, որ գտնվում եմ կարիերայիս լավագույն մարզավիճակում և ամեն ինչ փորձում էի անել աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձնելու համար: Չկարողացա հասնել հաղթանակի, սակայն ավելին հասա, քան եթե հաղթեի:
Երկրպագուները շնորհակալ էին կատարած աշխատանքի համար, նույնիսկ մրցակիցս հարգանքի տուրք մատուցեց ինձ»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Boxing-mma.com-ը: