Թիվ 57 ավտոբուսում գողացել էր 33-ամյա Մերիի դրամապանակը. 15 օր անց կասկածյալին գտել են
SocietyՄայիսի 15-ին, ժամը 18.30-ին, 33-ամյա Մերի Հ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 55 դոլար, 60.000 դրամ, բանկային եւ նույնականացման քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մայիսի 30-ին, ժամը 17-ին, գողություն կատարելու կասկածանքով Երեւանի Նալբանդյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Աշոտ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: