Գյուղնախարարությունը նախաձեռնել է վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր
EconomicsՄթերման հարցում խնդիրներ ունենում են բոլոր վերամշակող ընկերությունները, քանի որ նրանց գործունեությունը բազմաթիվ գործոնների հետ է կապված: Այդ նպատակով գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է մի ծրագիր, որը քննարկվում է և առաջիկայում հավանության կարժանանա կառավարության կողմից:
Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` խնդիրը մթերումների համար մատչելի տոկոսադրույքներով վարկային միջոցների տրամադրումն է, որը կուղղվի գյուղացիական պարտքերի մարմանը:
«Գյուղացին կհանձնի ապրանքը վերամշակողին և հնարավորություն կունենա դրանից հետո ստանալ գումար: Պարզապես սահմանափակ ռեսուրսների պատճառով չեն կարող դրանք հատկացվել ամբողջ մթերման գործընթացի համար: Այս տարի այն կլինի պիլոտային, իսկ տարեց տարի դրանց ծավալը կավելացնենք: Այն լուծում է նաև պայմանագրային հարաբերությունների խորացման հարցը: Այն վերամշակողը, որը չի ընդունի այս պայմանները, չի օգտվի այս վարկերից: Ցանկանում ենք, որ մինչև մթերման սեզոնն այն սկսի գործել»,- ասաց փոխնախարարը: