Անկախ զբաղեցրած պաշտոնից պատասխանատվության է ենթարկվելու ցանկացած օրինախախտ. նախարար
SocietyՑանկացած օրինախախտ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում, պետք է պատասխանատվություն կրի: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մեր երկրում ցանկացած օրինախախտ, անկախ նրանից` դատավոր է, դատախազ, թե զբաղեցնում է շատ ավելի բարձր պաշտոն, պետք է պատասխանատվություն կրի։ Հենց դրանում է իրականում իրավական պետության բուն արմատը: Եվ դա աստիճանաբար արմատավորվելու է մեզանում, որ անպատժելիություն լինել չի կարող»,-ընդգծեց Հարությունյանը:
Անդրադառնալով արդարադատության նախարարությունում կադրային փոփոխություններին` նախարարը նշեց, որ դեռևս ոչինչ ասել չի կարող, սակայն ներկայումս նախարարությունը համալրված է շատ բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով:
«Մենք, իհարկե, կանգ չենք առնելու դրանով: Նախարարությունը դնելու է նոր խնդիրներ աշխատակազմի առջև: Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր կիսում են այդ խնդիրները, կպահպանեն իրենց աշխատանքը»,- եզրափակեց նախարարը: