Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանը կիրականացնի առավել արդյունավետ վերահսկողություն
EconomicsԿառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում գոյացած սպանդային մթերքի, իրացման համար առանձին վարչական պատասխանատվության հոդված, ինչը կնպաստի պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացմանը:
««Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը թույլ կտա ունենալ սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերքի, վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի պատշաճ մակնշման պահանջ, ինչը կնպաստի մթերքի հետագծելիությունը պարզելուն և կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը: ««Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը թույլ կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց վերամշակել (մշակել), վաճառել, իրացնել, մատակարարել, ներմուծել միայն սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած սպանդային մթերք և սպանդից ստացված այլ մթերք, ինչը թույլ կտա մորթն իրականացնել սպանդանոցներում:
«Արդյունքում սպանդանոցում կենդանու մորթը կլինի սանիտարահիգիենիկ պայմաններում, կիրականացվի մսի պատշաճ անասնաբուժասանիտարական փորձաքննություն, մսի անասնաբուժական դրոշմում, սպանդից ստացված մսի համար վճարում սեփականատիրոջն առնվազն այն գնով, ինչ գնով մսի միջնորդները ներկայում վճարում են, սպանդանոցում մսի տեսակավորում մսի պահպանում՝ պաղեցմամբ և սառեցմամբ, սպանդանոցից մսի տեղափոխում սանիտարահիգիենիկ պայմաններում և համապատասխան տրանսպորտային միջոցներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Գործադիրը սահմանեց սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջները: Համապատասխան որոշմամբ նախատեսվում է հստակեցնել սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները` կապված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի օգտագործման հետ:
Կառավարությունը փոփոխություններ կատարեց նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում հսկողության (վերահսկողության) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները: