ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի հետ
EconomicsՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր:
«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են, բացի այդ այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին :
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել է, որ բելառուսական կողմը կարող է տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան երկրներին ևս մատակարարելու համար:
Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: