Կապանի օդանավակայանի վերաբացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում
InterviewՀայաստանում մեծ արձագանք գտած՝ Կապանի օդանավակայանից շուրջ 27 տարվա դադարից հետո իրականացված թռիչքի մանրամասների և օդանավակայանի վերաբացման ժամկետների մասին հարցերին պատասխանել է ՀՀ Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:
- Ի՞նչ փուլում են Կապանի օդանավակայանի վերաբացման ուսումնասիրությունները:
- Ներկայումս իրականացվում են թռիչքադաշտի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև օդանավակայանի ուղևորահամալիրի նախագծման աշխատանքները:
- Ի՞նչ նշանակություն կունենա Կապանի օդանավակայանի վերաբացումը և ի՞նչ ուղղություններով են թռիչքներ իրականացվելու:
- Կապանի օդանավակայանի վերաշահագործարկումը կարևոր դեր կխաղա ինչպես Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ինչը իր հերթին դրականորեն կազդի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
- Ո՞րքան ներդրումներ են անհրաժեշտ դրա վերաբացման համար:
- Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի, ներառյալ ուղևորային համալիրը, թռիչքադաշտը, աերոդրոմային ծառայությունները, անհրաժեշտ կլինի շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում:
- Ե՞րբ է նախատեսվում օդանավակայանի վերաբացումը:
- Շուրջ մեկ տարվա ընթացքում:
- Առաջին փորձնական վայրէջքից հետո ի՞նչ դիտարկում են կատարվել: Ի՞նչպես ընթացան այդ տեխնիկական աշխատանքները:
- Կատարված փորձնական թռիչքի արդյունքում ամենակարևոր հետևությունը կայանում է նրանում, որ վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո թռիչքուղին և թռիչքադաշտը հնարավոր կլինի շահագործել:
- Օդային ի՞նչ փոխադրամիջոցներ են օգտվելու օդանավակայանից:
- Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն վերանորոգման աշխատանքների ավարտի փուլում, ներկայումս դիտարկվում է մինչև 30 տեղանոց օդանավերի շահագործման հնարավորությունը:
- Ի՞նչ ռազմավարական նշանակություն կարող է ունենալ օդանավակայանի վերագործարկումը:
- Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օդանավակայանի շահագործում մեծ ռազմավարական նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջության առումով, և Կապանի օդանավակայանի շահագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանում ներքին օդային փոխադրումների կայացման համար, ինչպես կանոնավոր չվերթերի առումով այնպես էլ ընդհանուր նշանակության (փոքր ավիացիա) զարգացման համար: