Թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը նվազել է
SocietyՀանրապետությունում մայիսի դրությամբ արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երևանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով:
Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը նվազել է 1.6 անգամ, ինչը պայմանավորված է տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:
2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Գերիշխող պատճառը` (48%) թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանումն է և մակնշումը:
Միաժամանակ, այս տարի 2016-ի համեմատ նկատվել է ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքերի նվազում՝ 0.7 անգամ, մինչդեռ ծնողի անուշադրության հետևանքով արձանագրված դեպքերի կտրուկ աճ (29%) է դիտվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝ հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով:
Թունաքիմիկատները պետք է պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում, չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար, պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում: