Ածուխը բնական գազով փոխարինելը Երկիրը չի փրկի գլոբալ տաքացումից. գիտնականներ
Աշխարհի հինգ երկրների (Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Իտալիայի եւ Ավստրալիայի) հետազոտական խմբերը՝ Հաեվոն Մակջեոնի գլխավորությամբ (Խաղաղօվկիանոսյան հյուսիսարեւմտյան ազգային լաբորատորիա) ստուգել են այն տեսությունը, թե մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումները կարելի է Էապես նվազեցնել, եթե քարածուխը փոխարինվի բնական գազով: Արդյունքներն անմխիթարական են. բոլոր խմբերը միաձայն պնդում են, որ այդ ծրագիրը չի գործի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գիտնականների աշխատանքի մասին հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Nature հանդեսում:
Գիտնականները պարզել են. ածխի փոխարինումը գազով սպասվող արդյունքի չի բերի մի քանի պատճառներով: Նախ, գազի արդյունահանման եւ օգտագործման՝ հարաբերականորեն ոչ բարձր արժեքը կհանգեցնի ոչ միայն վնասաբեր ածխի փոխարինման, այլեւ մթնոլորտի համար անվտանգ բայց ավելի թանկ արժեցող միջուկային եւ արեգակնային Էներգիայի: Երկրորդ, տարբեր երկրներում արտադրական ոլորտի հետագա զարգացումը կհանգեցնի ավելի շատ վառելիք օգտագործելու անհրաժեշտության, եւ գազը կդառնա հիմնախնդրի լավագույն լուծումը:
Այս գործոնները միասին կհանգեցնեն այն բանին, որ ածխաթթվական գազի միագումար արտանետումները մթնոլորտ ոչ միայն չեն նվազի, այլ, ընդհակառակը, այսօրվա համեմատությամբ կաճեն մոտավորապես 10 տոկոսով:
Հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը գիտնականները համարում են արտանետումների սահմանափակումը տնտեսական եւ քաղաքական միջոցների օգնությամբ: