Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
SocietyՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 11-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Սարգիս (Նոր Նորք) եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 12-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին:
Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։
Սերգեյ Սարինյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԵՍԻ ՍԱՐԻՆՅԱՆ
2017 թ. հունիսի 8-ին կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Ներսեսի Սարինյանը:
Ծնվել է 1924 թ. նոյեմբերի 17-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սեյդիշեն (այժմ Խաչեն) գյուղում:
1942 թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին և վիրավորվելով զորացրվել 1943 թ.:
1949 թ. գերազանցության դիպլոմով ավարտելով ԵՊՀ Լեզվագրական ֆակուլտետը, 1950 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1960 թվականից մինչև 2016 թ. լինելով հայ նոր գրականության բաժնի վարիչը:
1953 թ. «Ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական, իսկ 1967 թ. «Հայկական ռոմանտիզմ» թեմայով դոկտորական ատենախոսություն, 1990 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996 թ. իսկական անդամ:
Նա հավասարապես զբաղվել և հիմնարար աշխատանքներ է գրել նոր և նորագույն շրջանի հայ գրականության, գրական տարբեր ուղղությունների և բոլոր փուլերի մասին:
Ս. Սարինյանը չթուլացող եռանդով շարունակեց աշխատել մինչև իր կյանքի վախճանը, լինելով ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահը, և «Հայ գրականության պատմության» ակադեմիական բազմահատորյակի գլխավոր խմբագիրը և ղեկավարելով երիտասարդ գիտնականների թեկնածուական ատենախոսությունները:
Սերգեյ Սարինյանը գիտական անմնացորդ նվիրման, բարեխղճության և պատասխանատվության կենդանի օրինակ էր ծառայում և այդպիսին կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ:
գրականության ինստիտուտ