«Հարթակ» փառատոնը կանցկացվի Գյումրիում
SocietyԱրդեն երրորդ տարին հանրապետությունում անցկացվող «Հարթակ» փառատոնն այս անգամ կհյուրընկալվի Գյումրիում՝ գործնական վարպետության դասերի և դասախոսությունների միջոցով։ Այս մասին լրագրողներին հունիսի 9-ին «Ասպարեզ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները:
Փորձի փոխանակման երկօրյա ծրագիրը, որը հարթակ է ոչ ֆորմալ միջավայրում գիտելիքներով և փորձառությամբ կիսվելու համար բաղկացած է չորս հիմնական բաժիններից՝ տեխնոլոգիա , արա ինքդ, արվեստ, հոգի և մարմին: Վարպետության դասերը վարելու են տաղանդավոր և փորձառու մասնագետներ ինչպես Գյումրիից և Երևանից, այնպես էլ արտերկրից: Այս տարի «Հարթակ»-ը կհյուրընկալի մասնագետների Իտալիայից, Միացյալ Թագավորությունից և այլ եվրոպական երկրներից:
Փառատոնի գլխավոր թեմատիկ շեշտադրումը քաղաքային լանդշաֆտն ու ճարտարապետությունն է, որի գաղափարը հուշեց հենց ինքը՝ զարթոնք ապրող Գյումրին։ Գյումրիում երկրաշարժից հետո պահպանված սովետական ճարտարապետության բեկորների հարևանությամբ ըստ պահանջի գոյանում են շինություններ և տարածքներ, որոնք հաջող կամ անհաջող կերպով տեղավորվում են քաղաքի ժամանակատարածական քարտեզի վրա: Որոշ շինություններ և տարածքներ բնականոն փոխակերպվում են՝ ձեռք բերելով նոր իմաստ և գործառույթներ, արձագանքելով քաղաքի այսօրվա պահանջներին: Քննարկման շրջանակներում կներկայացվի Գյումրիում հանրային տարածքների ներկայիս գործառույթները, խնդիրները և զարգացման ուղիները:
Բացի վարպետության դասերից նախատեսվում են նաև ցուցահանդեսներ, կապերի հաստատմանը նպաստող ոչ ֆորմալ միջոցառումներ, շրջայցեր, համերգներ և այլ ժամանցային միջոցառումներ։ Թեև փառատոնը Գյումրիում անցկացնելը բավական դժվարությունների հետ է կապված, հիմնականում ենթակառուցվածքների պատճառով, ինչպես նաև ավելի քան 40 խոսնակի ու 500 մասնակցի Գյումրի տեղափոխելու, սակայն կազմակերպչները հուսով են, որ փառատոնը կհաջողվի: