Աշխատանքային այցով Գյումրիում էր Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը
SocietyԱշխատանքային այցով հունիսի 9-ին Գյումրիում էր Հայաստանում Բրազիլիայի Դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Սա դեսպանի հերթական այցն էր Գյումրի, և ինչպես դեսպանն ինքը նշեց, ամեն անգամ հաճույքով ու նոր սպասումով է գալիս Գյումրի:
Գյումրիում դեսպանը ներկա է գտնվելու Հայորդաց տանը հունիսի 9-ին երեկոյան ծրագրված «Ճամփորդություն Բրազիլիայի երաժշտության միջով» համերգին, սակայն մինչ այդ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խոսելով Բրազիլիայի հետ արդեն ստեղծված կապի մասին, քաղաքապետը կարևորեց Գյումրիի և Օզասկոյի կապը, որպես քույր քաղաքաներ:
Գյումրու և Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում գտնվող Օզասկո քաղաքի միջև քույր քաղաքներ դառնալու հուշագիրը ստորագրվել է 2006-ին: Օզասկոն Բրազիլիայի հայաշատ քաղաքներից է և ունի մոտ 4 հազարի հասնող հայկական համայնք ու հայկական եկեղեցի: Անցած տարիների ընթացքում մշակութային տարբեր ծրագրեր տեղի են ունեցել և այդ ծրագրերը կշարունակվեն ու կխորանան՝ հանդիպման ընթացքում վստահեցրեց նաև Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
«Մենք տեղյակ ենք, որ Գյումրին արվեստի քաղաք է ու մշակութային ցանկացած միջոցառում հաճույքով ենք իրականցնում այստեղ: Ամեն անգամ Գյումրիում մենք որոշակի փոփոխություններ նկատում ենք, միգուցե այդ փոփոխությունները արագ չեն, այլ քայլ առ քայլ են, բայց ամեն դեպքում ես աճ եմ տեսնում»,-վստահեցրեց դեսպանը: Ընդհանուր առմամբ Հայաստան-Բրազիլիա համագործակցությունը ոչ միայն մշակութային է, այլ նաև այլ ոլորտներ է ընդգրկում՝ առողջապահություն, բնապահպանական: