Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իզմայլովը տեղափոխվեց Մոսկվայի «Արարատ»
SportՌուսաստանի հավաքականի և «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովը տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ»:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Թե որքան ժամանակով է նախատեսված է 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, չի հաղորդվում:
«Մարատի հետ պայմանագիր կնքելը մեր ամբողջ թիմի համար մեծ առավելություն է:
Մենք վստահ ենք, որ այսպիսի վարպետը շատ մեծ օգուտ կտա թիմին ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: Մեզ համար կարևոր են ոչ միայն մասնագիտական, այլև՝ մարդկային որակներն ու մեր երիտասարդ նախագծին օգնելու ցանկությունը:
Այս տեսանկյունից, հիմա Իզմայլովին, իսկ ավելի վաղ նաև Ռոման Պավլյունչենկոյին ձեռք բերելը կշռադատված և գիտակցված քայլ է»,- ասել է «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը:
Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մարատ Իզմայլովը հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», պորտուգալական «Սպորտինգում» և «Պորտուում», ինչպես նաև ադրբեջանական «Գաբալայում»: Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Կրասնոդարն» է եղել: Ռուսաստանի հավաքականի կազմում Իզմայլովը 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ:
«Լոկոմոտիվի» կազմում Իզմայլովը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, Ռուսաստանի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Հանդես գալով «Սպորտինգում»՝ Մարատը երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղարկությունում, մեկ անգամ էլ՝ նվաճել է երկրի Գավաթը:
«Պորտուի» կազմում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն: