Արթիկի վթարային շենքի տանիքից մեծ քանակությամբ քարեր են թափվել (ֆոտո)
SocietyՀայաստանում հունիսի 7-ին գրանցված երկրաշարժի հետեւանքով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի վթարային շենքը տուժել է. շենքի տանիքից մեծ քանակությամբ քարեր են թափվել:
shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի թիվ 13 շենքի բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարակյանին եւ հայտնել, որ շենքը վթարային է եւ օրերից մի օր կփլուզվի: Բնակիչները բարձրաձայնում են նաեւ, որ մի քանի ամիս հրաժարվել են կոմունալ վճարումներ կատարել, ինչից հետո գումար են հավաքել եւ փորձել վերանորոգել տանիքի մի մասը, սակայն կրկին ոչ ոքից աջակցություն չեն ստացել:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.76 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի Դիլիջան քաղաքներում 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:


