«Մոխրոտիկ» ներկայացման մեջ հանդես կգան 3-20 տարեկան դերասաններ
Culture«Մոխրոտիկ» երաժշտական հեքիաթի առաջնախաղը տեղի կունենա հունիսի 12-ին Բոհեմ թատրոնում: Ներկայացմանը կլինեն կենդանի հնչողություն, շքեղ զգեստներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ներկայացման բեմադրող-ռեժիսորը Զառա Մորգանն է:
Նա առաջնախաղից առաջ բացատրելի հուզմունք է ապրում, քանի որ թատերախմբում ընդգրկված են 3-20 տարեկան դերասաններ: Ամենափոքրիկներն առաջին անգամ են դուրս գալու բեմահարթակ:
Բեմադրության երաժշտական հատվածում ներառված են երգեր 1947 թվականի «Մոխրոտիկ» խորհրդային ֆիլմից, ամերիկյան հիթեր, երգեր «Լա-Լա-Լենդ» ֆիլմից:
«Մեզ համար սա կես տարվա աշխատանքի հաշվետվություն է, հմտությունների ցուցադրման, ստեղծված մթնոլորտի ամրապնդման, որը մեկ բառով կարելի է անվանել «ընտանիք»,-հպարտությամբ նշում է Զառա Մորգանը:
Ըստ նրա` վերջին 6 ամիսների կարևոր ձեռքբերումներից է` մանկական հոգեբանության մեջ գլխավոր և երկրորդական դերերի բացակայության գաղափարի ընկալումը:
Անկեղծ ուրախության ևս մի առիթ Զառայի համար հանդիսանում է 5-6 տարեկան փոքրիկների սատարումը իրենց կրտսեր` 3-4 տարեկան «խաղընկերներին»: «Եթե ամենափոքրիկները հանկարծ ուշացնում են իրենց ելքը բեմահարթակից կամ մոռանում են խոսքերը ավագները հմտորեն ուղեկցում են նրանց կամ աննկատ հուշում դերի խոսքերը: Հարկ է նշել, որ նրանք անխտիր անգիր գիտեն բոլորի դերերը և պատրաստ են ցանկացած պահին փոխարինել միմյանց, թեև դա երբեք չի եղել պարտադիր պայման»,- ընդգծեց նա:
Առաջնախաղից օրեր առաջ ռեժիսորին փոքր-ինչ մտահոգում է երեխաների իմպրովիզացիայով տարվելը, ինչը բեմադրիչը չի էլ փորձում կանխել: Ըստ էության, անհանգստանալու կարիք չկա: Ինչպես ասել է ամերիկյան դերասանուհի Ջուդի Ֆոստերը, «Իմպրովիզացիային տիրապետում է նա, ով փայլուն գիտի իր դերը»: