Գյուղնախարարը նոր շուկաների համար մեծ ծավալի գյուղմթերքի արտադրության անհրաժեշտություն է տեսնում
EconomicsՀայկական գյուղատնտեսական մթերքների արտահանումը շատ լավ է ընթանում, պահանջարկը մեծ է, ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ հայկական ապրանքը ճանաչում և սիրում են: ՛
Հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման գնահատական տվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ԵԱՏՄ շուկայում զարմանում են միայն ապրանքների փոքր ծավալի վրա:
«Այսինքն` հայկական արտադրողն այդ շուկաների ցանցերի հետ աշխատելու խնդիրներ ունի: Նոր շուկաների համար միշտ էլ քննարկումներ կան, սակայն այդ նոր շուկաները ապրանքների մեծ քանակություն են պահանջում: Այժմ մենք պատրաստ չենք այդ քանակով արտադրել և արտահանել, իսկ նոր շուկաների համար փոքր ծավալով արտադրանքը հետաքրքիր չէ: Դրա համար չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս նոր շուկաներ կբացենք մեզ համար:
Միայն Արաբական Միացյալ Էմիրություններում է հնարավոր, այն էլ այնտեղ ջերմոցային տնտեսության արտադրանք է արտահանվում: Հիմնական խնդիրները վերաբերում են որակին և տեխնոլոգիաներին»,- ասաց նախարարը` հավելելով, որ հարկավոր է մեծ քանակով մթերք ապահովել: Նրա խոսքով` Հայաստանում խոշոր տնտեսությունների բացակայության պատճառով դժվար է բանակցություններ վարել նոր շուկաների ձևավորման ուղղությամբ: