Էջմիածինցին չի ուզել պաշտպանել «ՕՐՕ»-ին, սուտ հաղորդում է տվել՝ իբր գլխին ատրճանակ են պահել և պահանջել հեռու մնալ ընտրապայքարից
SocietyԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Պատվական Պոդոսյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Պատվականին մեղադրանք էր առաջադրված հանցագործության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ Պատվականն ընտանիքի հետ բնակվում է Էջմիածնում: 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից Արմավիրի մարզում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Պատվականի հորաքրոջ դստեր ամուսին Նարեկ Հարությունյանը: Վերջինս Պատվականին առաջարկել է աջակցել իրեն, մասնակցել «ՕՐՕ» դաշինքի ընտրարշավին և միաժամանակ վարել իրեն պատկանող մեքենան: Պատվականը չի ցանկացել, բայց չի էլ կարողացել մերժել, ստիպված՝ համաձայնել է ու 2017 թվականի մարտի 5-ից սկսած՝ Նարեկ Հարությունյանի հետ մասնակցել է դաշինքի կողմից կազմակերպվող հանրահավաքներին ու քարոզարշավին, հաճախակի եղել է Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում թեկնածուի կողմից բացված նախընտրական շտաբում: Քարոզարշավին մասնակցելը բոլորովին Պատվականի սրտով չի եղել, նա որոշել է հարմար առիթ է փնտրել՝ դրանից հրաժարվելու համար, քանի որ նրա բարեկամներն ու ընկերները «ՕՐՕ»-ի համակիրներ չէին: 2017 թվականի մարտի 24-ի երեկոյան Պատվականը եղել է Նարեկ Հարությունյանի ու նրա համախոհների հետ: Միասին հաց են կերել, այնուհետև ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Պատվականը շտաբի աշխատակիցներից մեկի մեքենայով նրա ընկերոջը տարել է տուն: Շտաբ վերադառնալու ճանապարհին, մտածելով, որ հարմար առիթ է ներկայացել «ՕՐՕ»-ին սատարելու պարտադրանքից ազատվելու համար, Պատվականը շեղվել է ճանապարհից, մեքենան վարել է Էջմիածնի Մաշտոցի փողոցով դեպի հրապարակ, այնտեղից՝ Սպանդարյան փողոց: Հասնելով նախընտրական շտաբին՝ Պատվականը մի փոքր հապաղել է, չի պատասխանել մեքենատիրոջ հեռախոսազանգին, ապա շտաբ մտնելով՝ ձևացրել է, թե ահաբեկված է, վախից չի կարողանում խոսել: Նա հնարել ու պատմել է, թե իրեն իբր սպառնացել ու պահանջել են դուրս գալ ընտրարշավից: Իբր՝ առանց համարանիշի «ՎԱԶ-21015» մեքենան կտրել է իր ճանապարհը, այդ մեքենայից մի անծանոթ երիտասարդ եկել, նստել է իր մեքենայի հետևի նստատեղին, ատրճանակի փողն ուղղել է գլխին ու պահանջել է հեռու մնալ ընտրություններից Պատվականի «գլխով անցածը» ներկայացրել են պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանին, նա էլ իր «կողմնակցի» նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ անմիջապես ահազանգել է ոստիկանություն: Եվ Պատվականը ստիպված է եղել «ՕՐՕ»-ի շտաբում սուտ դուրս չգալու համար… սուտ հաղորդում գրել ոստիկանության բաժնում՝ նկարագրելով վերը ներկայացված հնարովի հարձակման պատմությունը: Նյութերի նախապատրաստության շրջանում զննության են ենթարկվել Պատվականի մատնանշած ճանապարհահատվածում տեղադրված տեսանկարահանող սարքավորումները: Պարզվել է, որ Պատվականի մեքենան նրա նշած փողոցով ընդհանրապես չի անցել և որևէ միջադեպ նրա ասած վայրում տեղի չի ունեցել… Պատվականը խոստովանել է, որ սուտ հաղորդում է տվել, որպեսզի չմասնակցի «ՕՐՕ»-ի ընտրապայքարին… Դատարանում Պատվական Պոդոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը Պատվական Պոդոսյանին մեղավոր է ճանաչել սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով: