Պարապ ենք մնացել, օրհներգ ենք փոխում
AnalysisArmenia24.info-ը գրում է.
Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալվելիս ասել է, թե կուզեր, որ «Քեզ համար Հայաստան» երգը լիներ Հայաստանի օրհներգ: Ազնավուրն ասել է նաեւ, թե դա հնարավոր բան է: Նա նշել է, որ իր այդ գաղափարը հայտնել է Սերժ Սարգսյանին, ով այն հավանության է արժանացրել: «Քեզ համար Հայաստան» երգը Շառլ Ազնավուրն ու Ժորժ Կառվարենցը ստեղծեցին 1988-ի երկրաշարժից հետո: Երգը կատարեցին Ֆրանսիայի էստրադայի աստղերը, հռչակավոր անուններ: Դա նրանց օգնությունն էր Հայաստանին:
Այս հանգամանքը խոսում է հայաստանյան կյանքի սնանկության մասին։ Իհարկե, ոչ մեկ չի կարող և կասկածի տակ չի դնում Շառլ Ազնավուրի կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ի շահ հայ ժողովրդի։ Այն անուրանալի վաստակը որ ունի Ազնավուրը, կարծում եմ չի մոռացվի։ Բայց եկեք հասկանանք, թե ի՞նչ գործ ունենք օրհներգի հետ։ Օրհներգ փոխելով երկիր ենք փոխու՞մ։ Նման դեպքերում ասում են. «Սաղ պարերը պարել ենք, մնացել է գյումրվա տրնգին»։ Դասականի լեզվով հարցնենք, օրհներգը փոխենք, որ ի՞նչ անենք։ Տողերիս հեղինակն էսթետ չէ և ոչ էլ ՝ երաժշտագետ։Հակափաստարկ բերողները կարող են պնդել, որ «Մեր Հայրենիքի» հիմքում ընկած է «Իտալացի աղջկա երգը» և այն որևէ կապ չունի հայերիս հետ։ Իհարկե, եթե մենք փորձենք որևէ մշակույթում տեսնել ոչ թե ազգի, այլ ազգային մշակութային տարրեր, պետք է շատ բարդ ու խորը նայենք։
Մյուս կողմից, Շառլի երգը գրվել է ողբերգական երկրաշարժից հետո։ Որպես այդ արհավիրքը տեսած մարդ, բնավ չէի ցանկանա, ամեն անգամը հիմնը լսելիս այն հիշել։ Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում, հիմն փոխել-չփոխելու հարցը հազաերորդական է։ Հայաստանում կան ավելի կարևոր հարցեր, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Իրականում, իշխանությանը ոչինչ չի մնացել անելու, քան նման թեմաներ առաջ բերելով և դրանք դարձնելով օրակարգային, առավել կարևոր թեմաները երկրորդելու, դրանց լուծումներից խուսափելու համար։
Վահրամ Թոքմաջյան