ՀՀ պետական բյուջեն չորս ամսում կատարվել է 11,4 մլրդ դրամ պակասուրդով
EconomicsՀՀ պետական բյուջեն 2017 թվականի հունվար-ապրիլի ընթացքում կատարվել է 11.4 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 11.5%-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 32.3 մլրդ դրամ՝ առաջին կիսամյակում նախատեսված 95.7 մլրդ դրամի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներից փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 13.1 մլրդ դրամով: 2.2 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` ամբողջությամբ ապահովելով կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը:
Շուրջ 19.2 մլրդ դրամ է կազմել ֆինանսական զուտ ակտիվների հաշվին ֆինանսավորումը` կիսամյակային ծրագրով նախատեսված 100.9 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.5 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով կիսամյակային ծրագրի 10.3%‑ը: Նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման վարկային ծրագրերի շրջանակներում օգտագործված միջոցների չափով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է կիսամյակային ծրագրով նախատեսված գումարների 22.6%‑ը՝ 3.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 16.8 մլրդ դրամ օգտագործվել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից` կիսամյակային ծրագրով նախատեսված 98.3 մլրդ դրամի դիմաց:
Մուրհակը սահմանված ձև ունեցող գրավոր պարտավորություն է, որը նրա տիրոջը իրավունք է տալիս սահմանված ժամկետի լրանալուց հետո պահանջել մուրհակումնշված գումարի վճարումը: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 156-ի` «Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակումնախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը)»: