Ռուսլան Կորյանը մնում է «ԲՄԱ-Խաբարովսկում»
SportՀայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը երկարաձգել է «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: 28-ամյա Կորյանը 2016-ին էր տեղափոխվել «ԲՄԱ-Խաբարովսկ», որին այս մրցաշրջանում օգնեց նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: Ռուսաստանի Ազգային լիգայի այս մրցաշրջանում հայ հարձակվողը 12 գոլով դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկն» այս մրցաշրջանում առաջին անգամ նվաճել էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: «ԲՄԱ-Խաբարովսկի» եւ «Օրենբուրգի» միջեւ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի 2 խաղերում էլ գրանցվել էր 0:0 հաշիվը: Հաղթողը որոշվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն ավելի դիպուկ էին իրացրել «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստները: Մայիսի 28-ին կայացած պատասխան խաղում Ռուսլան Կորյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ 120 րոպե եւ հենց նա իրացրեց վերջին ու հաղթական 11 մետրանոց հարվածը:
Հունիսի 4-ին Ռուսլան Կորյանն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում՝ ընկերական խաղում գրավելով Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմի դարպասը: 6 օր անց նա գոլի հեղինակ դարձավ նաեւ Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որում հայկական թիմը պարտվեց 1:4 հաշվով: