Հենրիխ Մխիթարյանը ռուսական լրատվամիջոցի հետ խոսել է իր ռուսական արմատների մասին
SportArmtimes.com-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական «Российская газета»-ին տված հարցազրույցում խոսել է իր ռուսական արմատների մասին: Լրագրողը նրան հարց է ուղղել, թե կոնկրետ քանի լեզվի է տիրապետում, եւ նա հետեւյալ պատասխանն է տվել.
«Խոսում եմ 6 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն եւ անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր»,- ասել է Մխիթարյանը:
Լրատվամիջոցը Մխիթարյանից հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի մարզաբազայում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ծավալուն հարցարզույցում, բացի ֆուտբոլիստի ռուսական արմատներից, նրանք զրուցել են տարբեր այլ թեմաներից՝ գրեթե այն ամենից, ինչի մասին Մխիթարյանը հաճախ խոսում է՝ հոր, մանկության, Բրազիլիայում անցկացրած ժամանակաշրջանի, Դորտմունդի «Բորուսիայում» ունեցած դժվարությունների մասին: Այս հարցազրույցը ֆուտբոլիստը տարածել է ֆեյսբուքի իր էջում:
Այս օրերին Մխիթարյանը Հայաստանում է եւ իր հանգիստն է վայելում ռուս հայտնի մոդել Վիկտորիա Լոպիրյովայի հետ, որը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանն է: