Թերեզե Վեբերի թղթե ստեղծագործությունները ներկայացվեցին հայ արվեստասերներին
CultureՇվեյցարացի արվեստագետԹերեզե Վեբերի «Թուղթ-ձեռք և ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Մինչ ցուցահանդեսի բացումը միջոցառման մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Թերեզե Վեբերը և ցուցահանդեսի կազմակերպիչները:
[gallery id= 59158]
«Այստեղ ներկայացված են ստեղծագործական կյանքիս տարբեր փուլերում արված գործեր, ուստի դրանց տեխնիկաները տարբեր են: Ինձ համար հատկապես շատ հետաքրքիր էր աշխատել չինական տեխնոլոգիայով պատրաստված թղթի հումքի հետ, որը հնարավորություն է տալիս արվեստի գեղեցիկ գործեր ստանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստագետը:
Վեբերի խոսքով` ինքն առաջին անգամ երկու տարի առաջ է եղել Հայաստանում, և ցուցահանդեսում ներկայացված գործերում արտացոլվել են ինչպես այլ երկրների, այնպես էլ Հայաստանի մշակույթից իր ստացած անմոռաց տպավորությունները:
Նա ընդգծեց, որ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանի ազգային պատկերասրահում ու շատ բան վերցրել տեղի նկարիչների ստեղծագործություններից:
Ցուցահանդեսում կարելի էր տեսնել վառ, լուսավոր գույներով ու հետաքրքիր մեկնաբանությամբ լուսանկարներ, գծանկարներ, որոնք թղթի հումքով էին արված:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ են մեր երկրում ներկայացնում շվեյցարական արվեստի դաշտում գործող, թղթարվեստում մեծ տեղ ունեցող արվեստագետի յուրօրինակ աշխատանքները, և դա իրենց համար մեծ պատիվ է:
«Վեբերը հրատարակել է տարբեր պատկերագրքեր, որոնց միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել թղթի ստեղծման, դրա ճիշտ գործածության մասին: Իսկ այս ցուցահանդեսը հայ արվեստասերներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժամանակակից շվեյցարական գեղագիտությանը»,-շեշտեց նա:
Թերեզե Վեբերի ընդգրկուն պատկերագրքի հրատարակիչ Միխայել Վինանդը նշեց, որ մեծ ոգևորությամբ է հրատարակել գիրքը, քանի որ դրանում գեղագիտորեն համադրված են Արևմուտքն ու Արևելքը, հետաքրքիր լուծումներով ներկայացված են տարբեր մշակույթներից հեղինակի ստացած տպավորությունները: Նա ասաց, որ հատկապես զարմանալի է ու հիանալի, որ գործերը ոչ թե թղթի վրա են, այլ թղթի հետ:
Ավելի քան հիսուն աշխատանք ընդգրկող համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզ Վեբերի գործունեության վերջին քսան տարիների համալիր համայնապատկերը`դիտողին ծանոթացնելով Վեբերի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 15-ը: Այն իրականանում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աջակցությամբ:
Թերեզե Վեբերը թղթարվեստի նշանավոր ներկայացուցիչներից է: 1980-ականների սկզբին նկարիչը բացահայտում է թուղթը, որպես ստեղծագործական գործունեության հիմնանյութ և այդ պահից սկսած, լուսանկարի ու գծանկարի հետ համադրելով, ստեղծում արտահայտիչ ու նորարարական պատկերալեզու: Դեպի Հեռավոր Արևելք, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա կատարած հետազոտական ուղևորությունները, ինչպես նաև ասիական ավանդական եղանակով թղթի պատրաստման գործընթացների ուսումնասիրությունը, ոգեշնչում են արվեստագետին և նրա ստեղծագործության հիմք դառնում: