Հրազդանում ջրանցքն ընկած կինը փորձել էր ինքնասպանություն գործել. նրան փրկել են
SocietyNews.am-ը գրում է.
Հրազդան քաղաքում, այսօր` հունիսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում գազալցակայանի մոտակայքում ջրանցքն ընկած քաղաքացին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Հրազդանի բժշկական կենտրոնից. «57 ամյա կին է ջրանցքն ընկածը` Կլարա Մ.-ն է: Նրան շտապ տեղափոխել ենք Հրազդանի բժշկական կենտրոն: Տիկնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են նաեւ ոստիկանության աշխատակիցները»,-նշեցին բժշկական կենտրոնից:
Շտապօգնության աշխատակիցների տեղեկացմամբ, կինը փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով ջրանցքը, նրան ջրանցքից դուրս են բերել ԱԻՆ աշխատակիցն ու ոստիկանության աշխատակիցը: Կլարա Մ.-ի ամուսինը մահացած է, ունի զավակներ, որոնք այս պահին հիվանդանոցում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: