ՀՀ վերահսկիչ պալատում կրճատումներ են իրականացվել, որոնք ընթացել են օրենքի կոպիտ խախտումներով
SocietyՀՀ վերահսկիչ պալատում կրճատումներ են իրականացվել, որոնք ընթացել են օրենքի կոպիտ, խայտառակ խախտումներով: Ըստ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածի՝ «Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին»:
Սակայն վերահսկիչ պալատում կոպտորեն խախտել են օրենքի 29-րդ հոդվածը և աշխատանքից ազատել են նաև այնպիսի քաղծառայողների, որոնք օրենքով պաշտպանված են` որպեսզի չկրճատեն իրենց ծանոթներին: Կրճատման վերաբերյալ Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը հետևյալն է. Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում թվով 14 գլխավոր մասնագետների հաստիքների կրճատմամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու առաջարկությամբ Վերահսկիչ պալատը դիմել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 12.06.2017թ. Ν 486-Ա որոշմամբ անվանացանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձիք, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով սահմանված կարգով, կգրանցվեն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պահպանելով վարձատրությունը»:
Ինչպես տեսնում եք, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչու են հենց այդ քաղծառայողները կրճատվել, չէ որ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը ում պետք է տրվի: Օրենքի կոպիտ խախտումը այնքան ակնհայտ է, որ այն հնարավոր չէ թաքցնել: Քաղաքացիական ծառայության խորհուրդը փոխանակ պաշտպանի քաղծառայողների շահերը, մասնակից է դարձել այս հանցագործությանը: Աշխատանքից ազատված քաղծառայողները` հույսը դնելով օրենքի կողմից պաշտպանված լինելու վրա, վերցրել էին վարկեր, և հիմա շփոթված և հուսահատված չգիտեն ինչ անել:
Խնդրում ենք հետևողական լինել, որպեսզի օրենքի խախտումով աշխատանքից ազատված քաղծառայողները վերականգնվեն աշխատանքի, իսկ այս ապօրինի և անմարդկային արարքի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: