Թուրք ծաղրանկարիչը վարչապետի խորհրդականի պաշտոնում հայի ընտրվելու կապակցությամբ ծաղրել է Էրդողանին
International newsԹուրքական «Էվրենսել» պարբերականի լրագրող-ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին հատուկ ծաղրանկար է արել, որում անդրադարձել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում Էթյեն Մահչուպյանի նշանակմանը և հայերի նկատմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացասական և խտրական վերաբերմունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական odatv.com-ը:
Ծաղրանկարում պատկերված են Դավութօղլուն և Մահչուպյանը, որտեղ Թուրքիայի վարչապետը, ներկայացնելով իր նոր գլխավոր խորհրդականին, ասում է. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուպյանն է»:
Նման ծաղրանկարով Սելվին ակնարկել է Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ տարվող քարոզչության ժամանակ Էրդողանի արած ռասիստական հայտարարությունը: Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերով ելույթում Էրդողանը հայտարարել էր, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել' իրեն անվանելով հույն, վրացի, քուրդ և այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել: Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ, ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան, կներեք, բայց ինձ անգամ հայ անվանեցին»: