Հայկական ծիրան եւ կարտոֆիլ էր հայտնվել ադրբեջանական շուկայում
Economics«Բիզնեսը միջազգային երեւույթ է: Եթե շահույթը մեծ է, ապա բիզնեսը բոլոր արգելքները կհաղթահարի իր նպատակին հասնելու համար: Կոռպոռատիվ գաղափարները բիզնեսի վրա չեն ազդում, բիզնեսը միանգամից չի կարող ծառայել հայրենասիրակ մղումներին»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Խոսելով կոնկրետ հայ-ադրբեջանական առեւտրային հարաբերությունների մասին՝ Ադիբեկյանը նշեց, որ հայկական մի շարք ապրանքներ վաճառվում են Ադրբեջանում. «Վրացին գնում է հայկական ծիրան ու վաճառում ադրբեջանցուն: Այս է պատճառը, որ վերջերս հայկական ծիրան եւ կարտոֆիլ էր հայտնվել ադրբեջանական շուկայում»,-ասաց նա՝ հավելելով.«Ես՝ որպես հայրենասեր, դեմ եմ, որ Ադրբեջանից մթերք ներմուծվի Հայաստան. «Նրանք ջարդում են մեր հուշարձանները, խոշտանգում մեր զինվորների դիակները ու մենք հանուն շահի նրանցից ապրանք ենք բերում»,-նկատում է սոցիոլոգը:
Անդրադառնալով մեկ այլ հարեւանի՝ Թուրքիային, սոցիոլոգը նշեց՝ տարեկան 137 միլոն դոլարի ապրանք է ներմուծվում Թուրքիայից: Ադիբեկյանը փաստում է, որ եթե մենք պատերազմում ենք, ուրեմն պետք է լինենք ավելի հետեւողական եւ գործենք գրագետ. «Մենք ճանճից փիղ ենք սարքել ու չենք նկատում, որ ներկրված սննդամթերքի 4-ից 5 տոկոսը թուրքական է: Հարկավոր է սանկցիաներ կիրառել ու նաեւ բիզնեսմենն էլ պետք է հասկանա, որ սրանով թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում»,-նկատեց Ահարոն Ադիբեկյանը: