Նարեկացի արվեստի միությունում ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց ջազային համերգ
CultureՆարեկացի արվեստի միությունում Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ հունիսի 23-ին կազմակերպվեց ջազային համերգ: Միջոցառմանը ջազային հիանալի կատարումներով հանդես եկան քոլեջի դաշնամուրային բաժնի ուսանողները, ինչպես նաև «Հելիկոն» վոկալ համույթը:
«Տարեվերջին մենք ցանկացանք կազմակերպել նման հաշվետու համերգ, որն իր բնույթով կազմակերվում է առաջին անգամ: Կարծում եմ, նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանզի ուսանողների համար շատ կարևոր է մասնագիտական փորձ ձեռքբերելը»,- նշեց Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս և համերգի կազմակերպիչ Նաիրա Մելիքյանը:
Նրա խոսքով` «Հելիկոն» վոկալ համույթը, որն ունի ավելի քան 17 տարվա պատմություն, ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ համույթը սերտ համագործակցում է ռուս հայտնի ջազմեն Դանիիլ Կրամերի հետ:
« Ռուսաստանում Դաշնությունում ակտիվ մասնակցում ենք Դանիիլ Կրամերի նախաձեռնած ամենամյա մրցույթ-փառատոններին: Այդ փառատոններից երկուսում` 2012 և 2014 թվականներին, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- ասաց Մելիքյանը:
Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը կարևորեց նման համերգների կազմակերպումը, քանզի այն խթանում է երիտասարդների մեջ սերը արվեստի նկատմամբ:
« Նարեկացի արվեստի միությունը ունի մի քանի սկզբունք և այդ սկզբունքներից մեկն այսօր իրականանում է` ասպարեզ ընձեռելով երիտասարդ արվեստագետներին բեմ բարձրանալու և ելույթ ունենալու համար, որովհետև երիտասարդները վարպետության են հասնում հենց այսպիսի հնարավորություններով»,- ընդգծեց Իվանյանը: