Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ես Երևանը շատ եմ սիրում. Վիտալի Զաստուխովը կդառնար 70 տարեկան

Society

Մենք քանիցս ականատես ենք եղել, թե հաղթողի պատվանդանին կանգնած մարզիկը արտասվել է, երբ բարձրացվել է իր երկրի դրոշը և հնչել է պետական օրհներգը։ Դա, կարծես, սովորական երևույթ է դարձել, այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Բայց երբ մարզիկը կամովին հրաժարվում է մեկնել օլիմպիական խաղերի, որտեղ նրա թիմը դառնում  է օլիմպիական չեմպիոն, և մարզիկը զրկվում է չեմպիոնի ոսկե մեդալից, եկեք խոստովանենք, որ դա քիչ հավատալու է։ Բայց այդպիսի մարզիկ կա, և դա երևանցի բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովն է։

… 1972 թվականին, Մյունխենի օլիմպիադայի նախօրյակին, բասկետբոլի Խորհրդային Միության ազգային հավաքականն իր վերջին հավաքն անցկացնում էր Ծաղկաձորում։ Հենց այդ հավաքի արդյունքում պիտի ընտրվեր Խորհրդային Միության բասկետբոլի ազգային հավաքականի վերջնական կազմը։ Հավաքականի գլխավոր մարզիչն էր Վլադիմիր Կոնդրաշինը, ով միաժամանակ գլխավորում էր Լենինգրադի «Սպարտակ» թիմը։ Այդ մարզիչը խոստանում է Վիտալի Զաստուխովին ընդգրկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, պայմանով, եթե վերջինս  համաձայնի տեղափոխվել Լենինգրադի «Սպարտակ»։ 

Վիտալի Զաստուխովը, ով մինչև ուղնուծուծը ՀԱՅ էր, հավաքում է իրերը և… լքում Ծաղկաձորը։ Մեկ ամիս անց Խորհրդային Միության հավաքականը, եզրափակիչում հաղթելով ԱՄՆ-ի ուժեղ թիմին, հռչակվում է Օլիմպիական չեմպիոն։ Այդ թիմում չկար Վիտալի Զաստուխովը։ Ասենք, որ այդ եզրափակիչը պատմության մեջ մտել է որպես «երեք վայրկյանի եզրափակիչ»։ Իրոք, արժե դրան անդրադառնալ։  Խաղավարտից երեք վայրկյան առաջ ամերիկացիները մեկ միավորով առջևում էին։ Խաղի հաշիվն էր 50։49։ Ժամանակը ֆիքսող մրցավարները խաղավարտն ազդարարեցին երեք վայրկյան շուտ։ Խաղը վարողներից մեկը՝ բուլղարացի միջազգային կարգի մրցավար Արտենիկ Արաբաջյանը պահանջում է խաղը շարունակել ևս երեք վայրկյան։ Գլխավոր մրցավարը թույլ է տալիս։ Խորհրդային թիմի անդամ Իվան Եդեշկոն գնդակը խաղահրապարակի մի ծայրից փոխանցում է մյուս ծայրը՝ ամերիկացիների վահանակի մոտ գտնվող խաղընկերոջը՝ Սերգեյ Բելովին։ Վերջինս որսում է այն և սառնասրտորեն ուղարկում մրցակցի զամբյուղը։ Հենց այդ պահին էլ հնչում է մրցավարների եզրափակիչ սուլիչը, որն ազդարարում է խորհրդային թիմի հաղթանակը 51։50 հաշվով։  ԱՄՆ-ի բասկետբոլիստները, որ սովոր էին միայն ոսկե մեդալների, բողոքարկում են խաղի արդյունքը։ Բայց…գնացքն արդեն գնացել էր։

 Անվանի մարզիկի հետ տողերիս հեղինակն իր հարցազրույցը սկսեց հենց այն հարցով, թե ինչո՞ւ նա մերժեց Վլադիմիր Կոնդրաշինին։

-Վիտալի, ինչո՞ւ մերժեցիր Կոնդրաշինին։ Չէ որ դու գերազանց մարզավիճակում էիր ու նաև լավ էիր հասկանում , որ դրանով դու քեզ Խորհրդային Միության ընտրանուց  դուրս էիր  դնում։

-Ինչո՞ւ… Որովհետև շատ էի սիրում Երևանը։ Ինձ համար աշխարհի լավագույն քաղաքը Երևանն է։ Ես ինձ այլ քաղաքի բնակիչ չեմ պատկերացնում։

-Բայց չէ որ մինչ այդ դու որպես ստաժոր հանդես ես եկել Լենինգրադի նույն «Սպարտակ»  թիմում, ապա երկու մրցաշրջան  Մոսկվայում  պաշտպանել ես տեղի «Դինամոյի» մարզական պատիվը։

-Այո, բայց վայ այն օրերին։ Ես հեռախոսից չէի կտրվում։ Անգամ, երբ  հեռուստատեսությամբ  եղանակի տեսությունն էին հաղորդում  ու  Երևանից մի պատկեր էին ցույց տալիս, աչքերս  լցվում էին։ Շատերը կարող են ինձ ծուռ համարել, որ հանուն երևանյան գրանցման ես կամովին հրաժարվեցի օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալից, որը ցանկացած մարզիկի «բյուրեղյա» երազանքն է։ Այո, ես ծուռ եմ, երևանցի եմ…

Վիտալի Զաստուխովը Արմենակ Ալաջաջյանից հետո ամենատիտղոսավոր երևանցի բասկետբոլիստն է։ Նա ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն,  ընդ որում ճանաչվել է այդ առաջնության լավագույն խաղացող։ Ապա 1969 թվականին ԽՍՀՄ մեծահասակների հավաքականի կազմում է դարձել  Եվրոպայի չեմպիոն։ 1972 թվականին Մոսկվայի «Դինամո» թիմի կազմում երկրորդ մրցանակն է շահում ակումբային թիմերի միջմայրցամաքային առաջնությունում։ Դե, Մյունխենի օլիմպիադայի մասին գիտեք։  Երկու տարի անց աշխարհի հերթական առաջնությունում Վիտալի Զաստուխովը Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում, ուր նրան հրավիրել էր Ալեքսանդր Գոմելսկին, դարձավ բրոնզե մեդալակիր։ Այո, Մյունխենից հետո Վիտալի Զաստուխովն կրկին հագավ ԽՍՀՄ ազգային հավաքականի համազգեստը։ Ափսոս, օլիմպիադան չորս տարի հետո էր լինելու…

Մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովն անցավ մարզչական աշխատանքի։

Այս ընդմիջարկումից հետո շարունակենք մեր հարցազրույցը ճանաչված բասկետբոլիստի հետ։

-Վիտալի, ինչպես ասում են, դու դատապարտված էիր մարզիկ դառնալու։ Չէ որ քո հայրը՝ Սերգեյ Զաստուխովը, ճանաչված ֆուտբոլիստ  էր, հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկը, էլ չենք խոսում մորդ՝ Նազիկ Ավետիսյանի մասին, որին իրավամբ համարում են բոլոր ժամանակների լավագույն հայ  թեթևատլետուհին։ Ինչո՞ւ դու դավաճանեցիր թե հորդ, թե մորդ մարզաձևերին և ընտրեցիր բասկետբոլը։

- Նախ, պետք է ասեմ, որ ոչ հայրս, ոչ էլ մայրս երբեք չեն բռնացել իմ մարզական նախասիրությունների վրա։ Այն ժամանակ մենք ապրում էինք Երևանի «Սպարտակ» ստադիոնի սենյակներից մեկում և ստադիոնը իմ բակն էր։ Ես ամբողջ օրն անցկացնում էի այդ «բակում», ֆուտբոլ էի խաղում, վազում և հեռացատկում էի, զբաղվում էի լողով ու սուսերամարտով, սեղանի թենիսով, բռնցքամարտով ու ժամանակակից հնգամարտով։ Հայրս, որ  նույնպես զբաղվում էր մի շարք մարզաձերով, ուշադրությամբ հետևում էր իմ այդ պարապմունքներին, բայց չէր միջամտում։ Մայրս՝ նույնպես…

Հիշում եմ, թե ինչպես էր աշխարհահռչակ հնգամարտիկ, աշխարհի և օլիմպիական խաղերի  չեմպիոն  Իգոր Նովիկովը համոզում ծնողներիս, որպեսզի նրանք ինձ ուղարկեն հնգամարտիկների պարապմունքների։ Իսկ բռնցքամարտիկ Թադևոս Զատիկյանի կարծիքով ես բոլոր նախադրյալներն ունեին նոր Ենգիբարյան դառնալու համար։ Բայց ես ընտրեցի բասկետբոլը։ Երևի, Հարություն Դավթյանն ավելի համառ  էր։ Մի խոսքով …

-Վիտալի, իսկ ե՞րբ եկավ քո առաջին հաջողությունը։

-«Սպարտակի» պատանեկան թիմը, որի կազմում հանդես էի գալիս, բարի համբավ ուներ Հայաստանում։ Մենք գրեթե մրցակից չունեինք հանրապետությունում և հաղթում էինք բոլոր մրցումներում։ Բայց իմ առաջին հաջողությունն ես ունեցա ոչ թե հարազատ ակումբի  կազմում, այլ…

1964 թվականին Տալլինում տեղի էր  ունենալու երկրի «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության կենտրոնական խորհրդի առաջնությունը։ Իմ մարզիչն ինձ «պարտքով» տվեց այդ ընկերությանը և մենք մեկնեցինք Էստոնիայի մայրաքաղաք ։ Այդ մրցումներին ներկա էր ԽՍՀՄ  պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բաշկինը։ Թեև մեր թիմն այնտեղ մրցանակային տեղ չզբաղեցրեց, բայց երկրի հավաքականի մարզիչն իր ծոցատետրում գրեց նաև իմ անունը։ Իսկ երբ հաջորդ տարի Կազանում Հայաստանի պատանեկան հավաքականը Խորհրդային Միության առաջնությունում գրավեց չորրորդ տեղը, Սերգեյ Բաշկինը վերջնականապես որոշեց ինձ ընդգրկել երկրի հավաքականի կազմում, որը 1966 թվականին պիտի մասնակցեր Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Դա իմ առաջին մեծ հաջողությունն էր։ Առաջնությունն անցկացվելու էր Իտալիայի Սան-Ջորջիո քաղաքում։ Այսօրվա պես հիշում եմ մեր առաջին հավաքը, որին հրավիրվել էին Սերգեյ Կովալենկոն, Անատոլի Կրիկունը, Վլադիմիր Բոլոշովը, Միխայիլ Քորքիան, Անատոլի Պոլիվոդան, Անատոլի Բլիկը։ Ես թվարկեցի սոսկ այն  անունները, ովքեր հետագայում դարձան անվանի մարզիկներ։

- Այո, քո թվարկած մարզիկներից երեքը՝ Միխայիլ Քորքիան, Սերգեյ Կովալենկոն ՜և Վլադիմիր Բոլոշովը հետագայում դարձան Մյունխենի օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ցավալի չէ՞։

- Եկեք տխուր բաներից չխոսենք…

- Դե լավ, արի հիշենք հաճելի պահերը։ Իսկ ինչպե՞ս դասավորվեց Բաշկինի պատանեկան հավաքականի հետագա ճակատագիրը։

- Իտալիայում խորհրդային հավաքականը գերազանց հանդես եկավ և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Իսկ ինձ, որ իտալական մամուլը հասցրել էր «փոքրիկ շարժիչ», «թիմի ուղեղ» անվանումը տալ, շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի համար սահմանված հատուկ մրցանակը։

Մեր թիմը, որքան թույլ էր տալիս մեր տարիքը, այդ կազմով ևս մեկ տարի գոյատևեց, հաջողությամբ հանդես եկավ մի շարք պատասխանատու մրցումներում։ Մեր թիմի տղաներից ոմանք արդեն հաստատուն տեղ էին գրավել երկրի ճանաչված ակումբների կազմերում, որոնք հանդես էին գալիս ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Ավելին, մեր պատանեկան հավաքականը, գրեթե ամբողջ կազմով, փոխանցվեց Օթար Քորքիային, ով մարզում էր երկրի երիտասարդական հավաքականը։ Մեկ տարի՝1968 թվականի ընթացքում մեր թիմը հանդես եկավ մեկ տասնյակից ավելի միջազգային խաղերում, բարձր պահելով խորհրդային բասկետբոլի պատիվը։ Մեր հմուտ մարզիչը մեզ անընդհատ ներշնչում էր, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է հավակնել Խորհրդային Միության ազգային հավաքականի անդամ դառնալուն։ 1969 թվականին Նեապոլում կայանալու էր Եվրոպայի տղամարդկանց հերթական առաջնությունը։ Հենց այդ առաջնության մասին էր խոսում մեր մարզիչը, ով նաև մեծ մանկավարժ էր։ Հիրավի, շուտով երկրի երիտասարդական հավաքականը գրեթե նույն կազմով հրավիրվեց երկրի թիվ մեկ թիմ։ Ինձ ևս բախտ վիճակվեց դառնալու այդ թիմի անդամը։ Ես մասնակցեցի մեծահասակների իմ առաջին խոշոր առաջնությանը։։ Այդ տարի Խորհրդային Միության ազգային հավաքականը տասներորդ անգամ  հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, ընդ որում՝ յոթերորդ անգամ անընդմեջ։

-Վիտալի, այդ առաջնությունից հետո դու երկար չմնացիր ԽՍՀՄ հավաքականում։ Ինչո՞ւ։

-Դե, ասենք, որ հավաքականը ակումբային թիմ չէ, որտեղ մարզիկը կարող է տարիներով խաղալ։ Հավաքականում միայն 12 տեղ կա։ Պատկերացնում եք, որ բասկետբոլային տերության համբավ ունեցող մեր երկրի քանի-քանի մարզիկներ են երազում ու ձգտում լինել երկրի գլխավոր թիմում։ Բայց դուք ճիշտ չեք։ Ես ԽՍՀՄ հավաքականի կազմում 1970 թվականին մասնակցեցի աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ  Հարավսլավիայի Լյուբլյանա քաղաքում։ Այդ առաջնությունում մեր թիմը գրավեց մրցանակային երրորդ տեղը։

Եվրոպայի հերթական առաջնությունը, որը կայացավ 1971 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, ես վնասվածքի պատճառով բաց թողեցի։ Ես այն ժամանակ էլ էի ազգային հավաքականի անդամ։ Մեկ տարի անց Բրազիլիայում խաղարկվեց միջմայրցամաքային գավաթը, որը վիճարկում էին աշխարհի ութ ուժեղագույն հավաքականները։ Մեր թիմը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց համաշխարհային բասկետբոլի առաջատար ԱՄՆ-ի ուժեղ թիմի հետ։ Այդ չափազանց լարված ու հետաքրքիր հանդիպումը մեկ միավորի տարբերությամբ ավարտվեց ամերիկացիների հաղթանակով։ Սակայն մեր թիմը նույնպես հաղթանակած դուրս եկավ։ Դա մեզ համար հոգեբանական հաղթանակ էր, քանզի զգացինք, որ այնքան էլ անխոցելի չեն այդ ամերիկացիները, որ հնարավոր է նրանց հետ խաղալ ոչ միայն   որպես հավասարը հավասարի հետ, այլ նաև հաղթել։ Առջևում Մյունխենի օլիմպիադան էր և մենք անհամբերությամբ սպասում էինք ռևանշի հնարավորությանը։

-Եվ այդ հնարավորությունից ինքդ քեզ զրկեցիր։

-Այո։ Ես նոր էի վերադարձել Մոսկվայի «Դինամոյից»։ Բայց ոչ  այն պատճառով, որ այլևս պետք չէի դինամոյականներին, այլ որ չէի կարող առանց Երևանի, առանց մեր շոգ ամռան ու երևանյան ցայտաղբյուրների։ Եվ հանկարծ ինձ նորից են առաջարկում տևական ժամանակով բացակայել Երևանից։

Ծաղկաձորում ինձ իր մոտ կանչեց ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Կոնդրաշինը և, մի կողմ թողնելով դիվանագիտություն կոչվածը, պարզապես բաց տեքստով ասաց.

-Վիտալի, կողմնորոշվիր։ Դու կամ տեղափոխվում ես  Լենինգրադի «Սպարտակ»,  կամ ես քեզ Մյունխեն չեմ տանում։

- Մի տարեք,- առանց թաքցնելու կովկասցուս տաքարյունությունը, նույն չոր տոնով պատասխանեցի ես։ Ասացի ու դուրս եկա սենյակից։ Գնացի, հավաքեցի իրերս և մի երկու ժամից արդեն տանն էի։

-Չես փոշմանե՞լ։

- Որպես մարզիկ՝ իհարկե։ Չէ որ օլիմպիական չեմպիոնի կոչումը մարզիկին տրվում է ցմահ և նման հնարավորություն բոլորին չի ընձեռվում։ Ստացվում է, որ ես գիտակցաբար ինքս ինձ զրկեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից։ Բայց որպես մարդ, որպես բնիկ երևանցի, հայկական բասկետբոլի նվիրյալ՝ ոչ։ Ես սիրում եմ իմ քաղաքը, սիրում  էի իմ թիմը՝ ՖԻՄԱ-ն, որը հեռու էր մեծ բասկետբոլային անցուդարձերից, բայց նաև հայ մարզասերների սիրելի թիմն էր։ Դրանից հետո ես բոլոր ջանքերը գործադրեցի, որպեսզի մեր թիմը մասնակցի Խորհրդային Միության առաջնությանը։  Չէ որ 50-ական թվականների կեսերից, երբ ՖԻՄԱ-ն Արմենական Ալաջաջյանի  թիմն էր, հայ բասկետբոլիստները բարձրագույն խմբում հանդես չեն եկել։ 1975 թվականին մենք այդ իրավունքը նվաճեցինք։ Ցավոք, մեր «երկրորդ հայտնությունը» բարձագույն խմբում հաջող չէր և… մի խոսքով։ Ես զգացի, որ եկել է մեծ սպորտին հրաժեշտ տալու ժամանակը։ Չսպասեցի, որ «երևանյան մի Կոնդրաշով» ինձ ցույց տա «սպորտին հրաժեշտ տալու դուռը»։ Ես հեռացա  արժանապատվությամբ…

-Վիտալի, գիտեմ, որ բասկետբոլում քո կուռքը եղել է բոլոր ժամանակների խորհրդային  լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Արմենակ Ալաջաջյանը։ Քեզ երբևէ բախտ վիճակվե՞լ  է նրան հանդիպելու խաղադաշտում։ Չէ՞ որ, երբ դու խաղում էիր ՖԻՄԱ-ում, Ալաջաջյանը հանդես էր գալիս Մոսկվայի բանակի կենտրոնական մարզական ակումբում։  Հետո, երբ դու խաղում էիր Մոսկվայի «Դինամոյում», որն ԽՍՀՄ առաջնություններում մրցում էր ԲԿՄԱ-ի հետ, նա արդեն անցել էր մարզչական աշխատանքի։ Ինչպես ասում են՝ «դուք տարբեր քաշային կարգերում էիք»։

-Հիրավի, Արմենակ Ալաջաջյանն իմ կուռքն էր։ Եվ ոչ միայն իմ։Նրան հավասարապես սիրում էին ոչ միայն սկսնակ մարզիկները,  այլև «բասկետբոլ» կոչվող հանրության մեծ ու փոքր  անդամներ, անգամ պրոֆեսիոնալ խաղացողներ։ Իսկապես, որպես մարզիկի ինձ բախտ չի վիճակվել խաղալու Արմենակ Ալաջաջյանի դեմ, բայց որպես նրա խաղընկերը՝ եղել է։

-Ինչպե՞ս…

-1965 թվականին Երևանում հյուրընկալվում էր սիրիահայ բասկետբոլիստների թիմը, որը պետք է  ընկերական  հանդիպումներ  անցկացներ Երևանի «Աշխատանք» թիմի հետ։ Դրանց մասնակցելու համար Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պատասխանատուները շտապ Երևան էին հրավիրել Արմենակ Ալաջաջյանին, ով պետք է հանդես գար «Աշխատանքի» թիմում։ Այդպես կայացավ իմ առաջին հանդիպումը իմ կուռքի հետ։ Որոշ ժամանակ անց «Աշխատանքը» պատասխան այցով եղավ Սիրիայում։ Այս անգամ էլ էր թիմի կազմ հրավիրվել Արմենակ Ալաջաջյանը։ Ուզում եմ շեշտել, որ առանց Արմենակի էլ մեր թիմը կարող էր հաջողությամբ հանդես գալ այդ հանդիպումներին։ Ուղղակի Արմենակի մասնակցությունը, իմ կարծիքով, ուրիշ նպատակ էր հետապնդում։ Նախ, Արմենակի ներկայությունը խաղադաշտում առանձնակի շուք էր տալիս այդ խաղերին և երկրորդ, որ պակաս կարևոր չէր, մեր ֆունկցիոներներն ուզում էին ցուցադրել սփյուռքահայ երիտասարդերին, թե ինչի կարելի է հասնել մայր հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում։ Եվ Արմենակի օրինակը ամենահամոզիչը պետք է լիներ։ Չէ որ հայրենադարձվելուց ընդամենը վեց տարի անց Արմենակ Ալաջաջյանն ընդգրկվում է Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում և նվաճում է Եվրոպայի չեմպիոնի առաջին ոսկե մեդալը։ Հետագայում նա ևս երեք անգամ է դառնում մայրցամաքի չեմպիոն, Խորհրդային Միության բազմակի չեմպիոն։ Ահա թե ինչու էր պետք Արմենակ Ալաջաջյանը Երևանի «Աշխատանք» թիմին։ Չգիտեմ, գուցե սխալվում եմ։ Բայց ես շնորհակալ եմ ճակատագրին ու մեր հանրապետության մարզական ղեկավարներին, որ նրանք ինձ հնարավորություն տվեցին խաղադաշտում հանդիպելու իմ կուռքին, լսելու նրա խորհուրդները, համոզվելու, որ նա իմ տեսած մեծագույն բասկետբոլիստն է։

Նույն 1965 թվականին ինձ երրորդ անգամ բախտ վիճակվեց Արմենակ Ալաջաջյանի հետ նույն համազգեստով խաղադաշտ դուրս գալ։ Դա  ես երբեք չեմ մոռանա։ Խորհրդային Միության ազգային հավաքականը մի քանի ընկերական հանդիպումներ պիտի անցկացներ Սիցիլիայում։ Այդ թիմի կազմում տեղ էին գտել նաև Օթար Քորքիայի՝ երկրի երիտասարդական  հավաքականի մի քանի առաջատար խաղացողներ։ Բարեբախտաբար, այդ երիտասարդների թվում էի նաև ես։ Մարզիչները, երևի,  ուզում  էին մեզ հաղորդակից դարձնել մեծ բասկետբոլին։ Սիցիլիա մեկնած թիմում էին Խորհրդային Միության հավաքականի այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Գենադի Վոլնովը, Յաակ Լիպսոն, Ալեքսանդր Տրավինը և, իհարկե, իմ կուռքը՝ Արմենակ Ալաջաջյանը։

Սիցիլիայում Արմենակը հրաշքներ էր գործում։ Տաքարյուն իտալացիները նրա յուրաքանչյուր փոխանցումը, յուրաքանչյուր հնարքը դիմավորում էին ծափողջույններով։ Ալաջաջյանի և հավաքականի մյուս տղաների հետ նույն թիմում խաղալը ինձ ոգևորել էր։ Անհամեստություն թող չթվա, ես ինձ վատ չէի դրսևորում։ Այդ մրցելույթներն ինձ համար մեծ դաս եղան։ Երևի, հենց այդ ժամանակ էի ես տպավորություն գործել Գենադի Վոլնովի և Յաակ Լիպսոյի վրա, որոնց ես հանդիպեցի 1969 թվականին այն հավաքականի կազմում, որն Իտալիայում պիտի նվաճեր խորհրդային բասկետբոլի տասներորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում։

Ես իրոք ինձ երջանիկ եմ զգում, քանի որ ճակատագրի բերումով երեք անգամ Արմենակ Ալաջաջյանի հետ խաղացել եմ նույն թիմում։ Նորից եմ կրկնում, դա ինձ համար մեծ դպրոց էր։

Ինձ համար առեղծված եղավ, երբ ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գոմելսկին Արմենակ Ալաջաջյանին այլևս երկրի հավաքական չկանչեց, ինչի համար երեք տարի անց հրապարակավ զղջաց, երբ Մեխիկոյի օլիմպիական խաղերում տանուլ տվեց Հարավսլավիայի հավաքականին։

-Վիտալի, ավարտելով քո ելույթները մեծ սպորտում դու վերջնականապես հրաժեշտ տվեցիր բասկետբոլին, թե՞…

-Իհարկե, «ԹԵ«, ինչպես կարող էի վերջնականապես հրաժեշտ տալ բասկետբոլին, երբ բասկետբոլն ինձ համար սոսկ սպորտ չէր։ Այն իմ կենսակերպն էր։ Բնական է, որ անցա մարզչական աշխատանքի։ Չէ որ ես դեռևս ասելիք ունեի, բավականին էլ մեծ փորձ ունեի։  Հենց փորձս երիտասարդներին փոխանցելու նպատակով էլ անցա մարզչական աշխատանքի։ Ինձ համար այդ նոր բնագավառում դեռ չէի հասցրել  ինչ-որ նշանակալի արդյունքի հասնել, երբ Իսլանդիայից այդ երկրի ազգային հավաքականը մարզելու  հրավեր ստացա։ Ուրախացա և … հայտնվեցի Աֆղանստանում։   Այո, այն տարիներին «խորհրդային զորքերի սահմանափակ կոնտինգենտը» լեռնային այդ երկրում «կարգուկանոն» էր հաստատում և այդ ծրագրի մեջ մտնում էր նաև այդ երկրի մարզական կյանքին սատարելը։ Մոսկովյան չինովնիկները որոշեցին, որ պատերազմող այդ երկրում երևանցի Վիտալի Զաստուխովն ավելի քան հարմար թեկնածու էր։ Նրանք, երևի, չէին մոռացել, որ ես ցրտաշունչ ձմեռներ չեմ սիրում, ուստի ինձ փրկել էին Իսլանդիայի ցուրտ կլիմայից։

Ինչևէ։ Աֆղանստանում ես աշխատեցի երեքուկես տարի՝ 1981-85 թվականներին և մարզում էի այդ երկրի կանանց և տղամարդկանց հավաքականները։

1985-ին վերադարձա Երևան ու մարզչական աշխատանքի անցա Երևանի պետական համալսարանում։ Հետո իմ ավագ ընկերոջ Ռաֆայել Մարգարյանի հետ միասին մարզում էինք Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Հետո գլխավորեցի «Ուրարտու» թիմը, որը բավականին հաջող էր հանդես գալիս ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում։ Ավելին, մենք նվաճեցինք բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք։ Ցավոք, Խորհրդային Միությունը փլուզվեց և  օրակարգից հանվեց ԽՍՀՄ առաջնությունում մեր հանդես գալու հարցը։ Ափսոս…

1992 թվականին, արդեն որպես նորանկախ Հայաստանի ներկայացուցիչ, ես մեկնեցի Իրան, որտեղ սկսեցի մարզել տղամարդկանց հավաքականը։ Մեկ տարի անց այդ թիմը հասավ աննախադեպ հաջողության։ Մենք գրավեցինք չորրորդ տեղը Ասիայի առաջնությունում։ Հաջորդ տարին էլ մեզ համար չափազանց հաջող էր։ Ճապոնիայում մասնակցելով համաասիական խաղերին, Իրանի տղամարդկանց հավաքականը գրավեց ութերորդ տեղը։ Նման արդյունքի  մեր հարևան երկրի հավաքականը երբեք չէր հասել։

1995-ին ես նորից Հայաստանում էի։ Սկզբում ճանաչված մարզիկ Արմենակ Ալաջաջյանի խաղընկեր Կառլեն Մանուկյանի հետ մարզում էի ՖԻՄԱ թիմը, իսկ 1997-ից՝ Մեծամորի ատոմակայանի՝ իմ հիմնադրած թիմը, որը երկու անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Ցավոք, տնտեսական ճգնաժամը իր հետքը թողեց նաև սպորտի վրա, և «Ուրարտուն» ցրվեց…

Ցավոք, այս հարցազրույցը, որը մասնակի կրճատումներով ներկայացվում է ընթերցողի դատին, Վիտալի Զաստուխովի վերջին հարցազրույցն էր։ 2001 թվականի նոյեմբերի 17-ին անվանի մարզիկը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Վիտալի Զաստուխովը Երևանում կնքեց իր մահկանացուն։ Հունիսի 24-ին նա կդառնար 70 տարեկան։ Թող այս հրապարակումը լինի հեղինակի և բազմաթիվ մարզասերների հարգանքի տուրքն առ Մեծատառով երևանցին … 

Լևոն Ազրոյան

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD