Անհաջողակների շքերթ
AnalysisLraber.info-ն գրում է.
Երեկ տեղի էր ունեցել Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարը: Համագումարին ներկա էին գտնվել նաև Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը:
Համագումարից, իսկապես, ոչինչ սպասել չէր կարելի: Համագումարի ներկաներից կազմված ՕՐՕ դաշինքը ձախողեց պառլամենտական ընտրությունները, մինչ այդ խոստացած հետընտրական զարգացումների ժամանակ էլ չզարթնեց խորը քնից:
Հիմա նորից ակտիվացել են ու ազգափրկիչ ելույթներ են ունենում, բնականաբար համեմված այնպիսի հուզառատ ու դեմքի լուրջ արտահայտությամբ արվող մտքերով, որ չգիտես, ինչպես վերաբերվես այս ամենին:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է 4-րդ հանրապետությունը բերելու մասին: Մարդ ով ոչ միայն 3-րդ հանրապետության ընթացքում պաշտոններ է զբաղեցրել, այլևս մի քանի տարի շարունակ եղել է այդ հանրապետության ընդդիմադիր գործընթացների կարևոր սուբյեկտներից մեկը: Լավ, ընդունենք, պետական կառավարման մեջ, Հովհաննիսյանի ղեկավարները անհաջող են ստացվել ու Հովհաննիսյանին չեն թողել իրացնել իր հայրենանվեր նպատակները: Բայց հանրությունն էլ հո 2007-2012 թթ վստահում էր Ժառանգությանը, 2013-ին էլ վստահում էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ենթադրենք փոխեցինք հանրապետությունն ու պատերի տակ գնդակահարեցինք ողջ պետական ադմինիստրացիան, բա հանրության հետ ինչ ենք անելու: Պարոն Հովհաննիսյանը, իրենց ձայն տված ու փողոց դուրս էկած հանրության հետ ոչինչ չարեց, փոշիացրեց կուտակված էներգիան, ու դա շարունակեց ավելի համառորեն անել հաջորդ տարիներին ՝ դառնալով քաղաքական անմեղսունակության սիմվոլ:
Սեյրան Օհանյանի կարիերան ընդհանրապես դասավորվեց շատ հետաքրքիր: Նրա ՝իշխանությունից հեռանալ կամ հեռացվելը, ամբիցիաների չհավասարակշռված չափաբաժինն ու այլ հանգամանքներ, նրան դարձրին դիսիդենտ գեներալ: Օհանյանին մի պահ թվաց, թե նա Թուրքիայում է, որտեղ քաղաքական ճգնաժամերը հանգուցալուծվում են ռազմական էլիտայի ընդվզմամբ: Օհանյանն ուղղակի չհաշվեց, որ Հայաստանում չկա ռազմական էլիտա, ընդհանրապես էլիտա չկա: Նրա պատկերացրած էլիտան լինլու էր համակարգից հեռացած կամ նեղացած սպաներին իր շուրջը հավաքելը: Բայց այն, որ որևէ սպայի չի հաջողվել դառնալ ասենք զորամասի հրամանատարի տեղակալ, նրան չի դարձնում էլիտայի մաս, ինչպես որ Ծռերի դեպքում ՝ գեներալ չդարձած ֆիդայինը դեռևս չի դառնում հեղափոխության ու փոփոխությունների առաջամարտիկ: Քաղաքական ինքնությունը չի կարող որոշվել ճակատագրի կամ բախտի արդյունքում:
Այսքանից հետո, ձախողելով հնարավոր բոլոր գործընթացները քաղաքական ասպարեզում, մարդիկ հավաքվում և լուրջ-լուրջ մտքեր են արտահայտում, երկիր փոխում, իշխանափոխություն անում: Իրենց գործն է, լավ են անում: Բայց կարո՞ղ էին չէ, դա անել ասենք փակ տարածքում, առանց տեսախցիկների ու մամուլի: Եթե կան տեսախցիկներ, ուրեմն խոսքն ուղղված է հանրությանը:Եթե հանրությանը նմանատիպ խոսք ես ուղղում, ուրեմն կամ դու իսկապես չես պատկերացնում այն իրավիճակի անհուսությունը, որում գտնվում ես, կամ էլ հանրությանն ես գժի տեղ դրել: Կամ էլ երևի կա ինչ-որ չհայտարարվող պատճառ, որ Սասնա ծռերի քաղաքական համակրանքի այդ մարգինալ ակումբը առաջին հայացքից անառիթ որոշեց ակտիվանալ:
Րաֆֆի Օհանյան