«Ալաշկերտ»-ը երրորդ անգամ դուրս կգա եվրոպական մրցասպարեզ
SportՎ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը՝ Հայաստանի 2016/2017 թթ. չեմպիոն «Ալաշկերտի» և Անդորրայի «Սանտա Կոլոմա» թիմի միջև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Այս հանդիպումը կլինի «Ալաշկերտի» երրորդ մեկնարկը եվրագավաթների խաղարկություններում: Նորամուտը տեղի ունեցավ 2015 թ. հուլիսի 2-ին, երբ «Ալաշկերտը» Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի խաղում 1:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Սենտ-Ջոնսթոնին»: Պատասխան խաղում, մնալով 10 ֆուտբոլիստով, «Ալաշկերտը», այդուհանդերձ, կարողացավ նպաստավոր արդյունքի հասնել՝ պարտվելով 1:2 հաշվով, և իր առաջին իսկ մասնակցության ընթացքում ապահովեց տեղը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում: Այստեղ մրցակիցը ղազախստանյան «Կայրաթն» էր: Առաջին մրցավեճում պարտվելով 0:3 հաշվով՝ երևանցիները կարողացան պատասխան խաղում հաղթել 2:1 հաշվով:
Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» նշեց իր նորամուտն արդեն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ առաջին մրցավեճն Անդորրայում ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Երևանում կայացած խաղում «Ալաշկերտը» հաղթեց 3:0 հաշվով: Երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» էր: Վրաստանում կայացած առաջին խաղում մեր թիմը պարտվեց 0:2 հաշվով, իսկ Երևանում կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Այսպիսով, «Ալաշկերտը» մինչ օրս եվրագավաթներում անցկացրել է 8 հանդիպում, տարել 3 հաղթանակ, կրել 3 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Ալաշկերտը» խփել է 8, բաց թողել 9 գնդակ: Եվրագավաթներում թիմի գլխավոր ռմբարկուն Նորայր Գյոզալյանն է, ով դարձել է 3 գոլի հեղինակ: Միայն Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտն» անցկացրել է 4 հանդիպում, տարել 1 հաղթանակ, կրել 1 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, խփել է 4, բաց թողել 3 գնդակ: