Զինանշանում շատ էլեմենտներ են փոխված, սա ուղղակի ձեռառնոցի է. Կարեն Աղամյան
SocietyORER.am-ի հաղորդմամբ՝ այսօր Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին խոսելով ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխման մասին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանը նկատեց, որ կարեւոր են օրհներգի տեքստն ու երաժշտությունը:
«Սկսենք մեր օրհներգի տեքստից. այն Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգ»-ն է, որը վերաբերում է այդ ժամանակի հերոս Գարիբալդուն: Այսինքն, սա արդեն ոչ հայկական բովանդակություն է:
Կա նաեւ «Կեցցե՛ Իտալիան, կորչի՛ Ավստրիան» տողը: Պատկերացնո՞ւմ եք՝ մի ավստրիացի մինչեւ վերջ մեր հիմնը կարդա: Սա հայկական էությունից, մտածողությունից դուրս է»,- ասաց Գ.Մանասյանը՝ հավելելով. «Գլազունովի «Ռայմոնդա» բալետի 4-րդ եւ 9-րդ մասերին շատ խիստ նմանություն կա, ավելին՝ այն հարուստ երաժշտություն չէ, չունի հերոսականություն, հիմնի կանոններին համապատասխան գրված չէ»,- ընդգծեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի առաջարկին՝ «Քե՛զ համար, Հայաստա՛ն» երգը օրհներգ դարձնելուն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը նկատեց. «Ես խոնարհվում եմ նրա արվեստի առջեւ, բայց սա այդ դեպքը չէ: Այն այլ բովանդակություն ունի, բնորոշ չէ հիմնին: Կողմ եմ Արամ Խաչատրյանի երաժշտությունը հիմն դարձնելուն»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ խոսեց զինանշանի մասին:
«Աշխարհի բոլոր երկրներում վերանայում են իրենց հիմնը: Ես ոճային փոփոխություն եմ առաջարկում, որովհետեւ ամբողջովին փոխելու դեպքում Սահմանադրությունն էլ է փոխվելու: Զինանշանում շատ էլեմենտներ են փոխված, սա ուղղակի ձեռառնոցի է:
Օրինակ՝ թուրը ջարդված է նկարված, ինչը միտումնավոր չարություն է: Կամ՝ կա ժապավեն, որի վրա անպայման կարգախոս պետք է լինի: Կարող է լինել՝ «Միասնություն, Ազգ, Երկիր», «Ուժ, Հայրենիք, Միասնություն» եւ այլն,- ասաց նա: