Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին
AnalysisArmenia24.info-ն գրում է.
Մեր քաղաքական միջավայրում և քննարկումներում, ըստ պատշաճի չգնահատվեց Ռուսաստանի կողմից նոր խմբաքանակ զենքի վաճառքը Ադրբեջանին: Մեզ համար կարծես սովորական է դարձել այն հանգամանքը, որ այսպես ասած քաղաքական ու ռազմավարական կարևորագույն դաշնակից Ռուսաստանը, ամեն տարի մեծ ծավալներով զենք է վաճառում Ադրբեջանին: Բնական է, որ Ադրբեջանը այդ զենքը չի գնում հենց Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Քիչ հավանական է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ զենքը կօգտագործի Իրանի դեմ: Ուստի մնում են միայն Հայաստանն ու Արցախը:
Զենքի խմբաքանակները թողնենք մի կողմ: Դրանք բավականին մեծ ծավալի են: Այդ զենքը մի օր կրակելու է, ինչպես կրակեց ապրիլին: Մեծ հաշվով այն չի էլ լռում, գրեթե ամեն օր կրակոցներ սահմանին ու խիտ հաճախականությամբ զոհեր: Այստեղ կարևոր հանգամանք է դառնում ռուսական քաղաքական ու ռազմագիտական շրջանակների կողմից արվող հայտարարությունները:
Բացի այն, որ նրանք արդարացնում են Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը և ամեն անգամ մեզ հիշեցնում են Իսկանդեր կոչվող զինատեսակի մասին, որը մենք պարզապես չենք կարող կիրառել, նրանք այդ ծավալների զենք տրամադրելը անվանում են բիզնես շահեր: Իսկ այնուհետ, իբրև առաջին̀ զենքի վաճառքի հարցերին արդեն պատասխանած, լուրջ դեմքով անցնում են նոր մտահոգությունների: Այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի: Ու դա անում են դեմքի հանգիստ արտահայտությամբ, իբրև խոսում են մի սովորական իրողության մասին:
Իհարկե, ադրբեջանական շրջանակները շատ լավ գիտեն, թե, այսպես ասած, ռուսական որ փորձագետը, ում խոսքն է փոխանցում: Բնական է, որ մի օր այն կունենա կոնկրետ հասցեատեր ու ակնարկներն ուղղակի տեղ կհասնեն: Իսկ պատերազմի մոլուցքը ու բնական լինելն այնքան են պարտադրել երկու հասարակություններին, որ դա արդեն դիտվում է բնական: Իսկ այդ համատեքստում, մարդկային կյանքը դառնում է առ ոչինչ:
Վահրամ Թոքմաջյան