Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները հիմնականում 5 ծրագրերի են ուղղվել
SocietyՀայաստանի առողջապահության նախարարությանը 2016թ. պետական բյուջեով հատկացվել է 89 միլիարդ դրամ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ըստ հաշվարկների՝ առողջապահական ոլորտի ընդհանուր կարիքը գնահատվում է 260 մլրդ դրամ, մինչդեռ տրամադրվել է ընդամենը դրա 35 տոկոսը, ուստի ցածր միջոցներով դժվար է ապահովել լիարժեք ծառայություն: Գումարները ուղղվել են հիմնականում 5 ծրագրերի՝ դեղորայք, արտահիվանդանոցային ծախսեր, հիվանդանոցային ծառայություններ, այլ ծառայություններ և հանրային ու հարակից առողջապահական ծառայություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալթունյանը:
2016թ. դեղորայքի ապահովման համար հատկացվել է 3,3 միլիարդ դրամ: Արտահիվանդոցային ծրագրի շրջանում 10,9 միլիարդ դրամ է ծախսվել: Շտապօգնության համար 3 միլիարդ դրամ է հատկացվել, սպասարկվել է 466 000 կանչ: «Հիվանդանոցային ծախսերի համար 40 միլիարդ դրամ է օգտագործվել: Բյուջեի մյուս մասը հատուկ նպատակների և ծննդօգնության համար է: 40 359 ծնունդ ենք ունեցել հաշվետու տարում, որոնք ֆինանսավորել են պետբյուջեից»,-ասաց նախարարը:
Անցած տարվա ընթացքում սրտի անհետաձգելի վիրահատական միջամտության է ենթարկվել 5700 մարդ: Հոգեկան հիվանդների, տուբերկուլոզով հիվանդների ծախսերը ևս արվել են բյուջեի հաշվին: Հանրային առողջապահության ոլորտում նախարարության ծախսերը կազմել են 1,5 միլիարդ դրամ: