Նախարարությունը ձեռք է բերում սարքեր՝ մանկական մահացության ցուցանիշը նվազեցնելու համար. Լեւոն Ալթունյան
SocietyԱյսօր՝ 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց նորածինների մահացության դեպքերի մասին:
ORER.am-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե նախարարը կարո՞ղ է նշել` որքան դեպք է եղել մեկ տարվա ընթացքում, եւ նորածնային մահացության ցուցանիշներն ինչպիսին են Հայաստանում:
Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ թեման նուրբ է, զգայուն եւ ցավոտ: Նա հիշեցրեց հնգյակ երեխաների դեպքը:
«Հղիության 2-րդ ամսում մորն առաջարկվել էր երեխաների մի մասին թողնել, սակայն մայրը հրաժարվել էր, եւ կատարվեց այն, ինչ կատարվեց: Արդյունքում` երեխաները ծնվեցին 3 ամիս շուտ եւ թերզարգացած»,- նշեց նա՝ հավելելով. «Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշի նվազեցմանը, ապա դա չափազանց թանկ հաճույք է:
Սակայն նախարարությունը ձեռնարկում է բոլոր միջոցառումները եւ ձեռք բերում սարքեր՝ մանկական մահացության ցուցանիշը նվազեցնելու համար: 2015-ին մեզ մոտ գրանցված ցուցանիշը գերազանցում էր Արեւմտյան Եվրոպայի ցուցանիշը, սակայն այս տարի մեզ հաջողվեց նվազեցնել այն:
Այս արդյունքն ունենալուն նպաստեց նաեւ ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի տարած աշխատանքը՝ բոլոր գինեկոլոգներին թեստավորելը»,- նշեց նախարարը: