«Սիրիահայերը զարմացել են, որ խալաթով կամ բիգուդիները գլխին կարելի է գնալ աղբ թափել». Հրանուշ Հակոբյան
SocietyԱյսօր խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով հայրենադարձների մասին, ասաց, որ այն մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս որպես տարանցիկ երկիր, էլ չեն ուզում այստեղից հեռանալ. «Մեր երկրում շատ գրավում են անվտանգության հարցերը: Նրանք, երբ գիշերը, երեկոյան հանգիստ քայլում են մեր փողոցներում, դա ամենամեծ գրավիչ մասն է, որովհետեւ շատ-շատ երկրներում ժամը 8-10-ից հետո վտանգավոր է քայլել: Երկրորդ գրավիչ մասը մեր դպրոցներն են, իրենց երեխաներին մեր դպրոցներ տալով՝ մեր դպրոցներում չկան այն վատ սովորույթները, որոնք կան այլ երկրներում»,-ասաց Հ. Հակոբյանը՝ անցում կատարելով այն սիրիահայերին, ովքեր հարկերից երբեմն դժգոհում են. «Իրենց թվում է, թե եկել են այստեղ՝ բոլոր կանոնները պիտի իրենց ենթարկվեն»:
Դիտարկմանը, որ սիրիահայերը ոչ թե հարկերից, այլ «ատկատներից» են դժգոհում՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, նման դեպքեր կան: Դրա համար ես իրենց խորհուրդ եմ տալիս՝ գործը սկսելիս սկսեք փաստաբանով, իրավախորհրդատուով, երբեք մեկի հետ մի գնացեք կերեք-խմեք ու դարձրեք ձեզ գործընկեր, անպայման դիմեք համապատասխան կառույցներին, թող ձեզ խորհուրդ տան»:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայրենադարձներից մեկի դժգոհությունը, թե բլուր է գնել, ասում է՝ ինչի՞ պիտի փող մուծեմ. «Հարկային արտոնություն տալիս են կոնկրետ ծրագրին, ոչ թե ընդհանրապես: Էդ դեպքում բոլորն իրենց հարազատներին կբերեն այստեղ՝ որպես հայրենադարձ, կձեւակերպեն նրանց անունով, հետո նրան կուղարկեն ու հարկ չեն մուծի»:
Զրույցի ընթացքում նախարարը ներկայացրեց, մի հետաքրքիր իրավիճակը, որը սկզբից դժվարընկալելի է եղել սիրիահայերի համար. «Իհարկե, սկզբից իրենց համար անհավանանական էր, որ կարող ենք մենք խալաթով կամ բիգուդիները գլխին գնանք աղբ թափենք, իրենց համար էդպիսի բաները անսովոր են, բայց կամաց-կամաց սովորում են մեր կյանքին, մեր պայմաններին, մեր կենցաղին, մեր վարվելաձեւին: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ վերադարձածները գոհ են»: