«Արցախբանկ»-ը փակեց դռները. «Տոնուս»-ից խաբված բնակիչները հանդիպում են պահանջում «Արցախբանկ»-ի սեփականատիրոջ հետ
«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները: Այս պահին նրանք պահանջում են հանդիպում «Արցախբանկ»-ի սեփականատիրոջ հետ:
Ինչպես նախորդ ակցիաների ընթացքում, այս անգամ ևս, բանկը փակեց դռները՝ բնակիչներին թույլ չտալով մտնել բանկ:
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։