ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների մի շարք փաստաթղթեր են ստորագրել
EconomicsՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ հունիսի 30-ին Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՌԴ ֆինանսների նախարարության պատվիրակությունը գլխավորել է նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը:
Երկկողմ հանդիպումներում քննարկվել են համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման հեռանկարներին, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերին:
Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակացության «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ միջկառավարական, ինչպես նաև ՌԴ ՖՆ և ՀՀ ՖՆ համապատասխան համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունները:
Վերոնշյալից բացի ստորագրվել է նաև համաձայնագիր ՀՀ-ին անհատույց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ 2017-2021 թթ. հայկական կողմին կցուցաբերվի սարքավորումների տեղադրման, մասնագետների վերապատրաստման աջակցություն: